ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.07.2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ նախարարությունում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի վերաբերյալ

Քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտը լուսաբանող լրագրողներ։
Քննարկվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները, թե արագիլների փետուրները որտեղ, երբ և ինչ հանգամանքներում են աղտոտվում, փետուրների վրա եղած նյութն ինչ խմբային պատկանելություն ունի և այլն, ինչպես նաև՝ խնդրի լուծման վրա ներազդման հնարավորությունները:
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը կարճ զեկույցով ներկայացրել է հասարակական կազմակերպության կողմից 2021 թվականին իրականացրած ուսումնասիրությունները և հետևանքների մեղմման ուղղությամբ տարված աշխատանքները։ Այդ ուսումնասիրությունները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ 
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ. Գալոյանը ներկայացրել է ստացված ահազանգերի հետքերով արագիլների աղտոտման աղբյուրներում իրենց իրականացրած դիտարկումների, ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, խոսել է Մասիսի աղբավայրի և տեղորոշված այն ձկնաբուծարանների մասին, որոնցում հնարավոր են  աղտոտման աղբյուրներ։
Նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ս. Պիպոյանը հիմնախնդրով մտահոգ գերատեսչություններին և կազմակերպություններին հորդորել է խնդրի համակարգային լուծման փնտրտուքի ճանապարհին  ավելի շատ  ուշադրություն դարձնել թռչունների կենսակերպին և այն դարձնել ուսումնասիրությունների առարկա։ 
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է այս ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկված քայլերը, խոսել տարբեր գերատեսչություններ հասցեագրված գրություններից և նախարարության համապատասխան ստորաբաժանմանը նոր գրություններ պատրաստելու հանձնարարականներ տվել։ Նախարարը ներկայացրել է հետագա քայլերի ճանապարհային քարտեզը և տեղեկացրել, որ յուրաքանչյուր փուլի արդյունքների մասին հանրությունը պատշաճ կիրազեկվի։