ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2021
Համատեղել ջանքերը բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյան

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ 
Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ: 2008 թվականից անցկացվող համաժողովը տարիների ընթացքում ձեռք է բերել բարձր հեղինակություն և դարձել բնապահպանության ոլորտի միջազգային մակարդակի ծանրակշիռ հարթակ՝ ընդունված երկրների կառավարությունների, խորհրդարանների, գործարար ու գիտական շրջանակների կողմից։ Համաժողվին մասնակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ 
Տասնյակ երկրների կառավարությունների ու խորհրդարանների բարձրաստիճան պաշտոնյաների,գիտնական-փորձագետների և առաջատար միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կլոր սեղանների ձևաչափով քննարկվել են ջրային ու անտառային ռեսուրսների ինտեգրված կառավարմանը, բնապահպանական կրթությանը և էկոտուրիզմին, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ազգային ռազմավարությունների և նախագծերի ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կլիմայական օրակարգին, կլիմայի նոր քաղաքականությանը, «կանաչ» էներգետիկային, շրջանաձեւ տնտեսության զարգացման ժամանակակից մարտահրավերներին։ Տեղի են ունեցել բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման օրենսդրության կատարելագործման, էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միասնական մոտեցումներին վերաբերող քննարկումներ ու փորձի փոխանակում։ Մայիսի 27-ին կլոր սեղանի շուրջ և մայիսի 28-ին համաժողովի լիագումար նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը շրջակա միջավայրի պահպանության ռազմավարության, բնապահպանական խնդիրների հաղթահարման առաջնահերթությունների, ոլորտի ձեռքբերումների և հետագա գործողությունների վերաբերյալ` նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և դրանց ռացիոնալ օգտագործմանը ՝ սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հավասարակշռման սկզբունքի պահպանությամբ։ Որպես շրջակա միջավայրի կառավարման ուրույն խնդիր` ՀՀ կառավարությունը կարևորում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումը, ինչպես նաև անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը` բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը բացառելու նպատակով: 
Գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և կառավարման հիմնախնդիրները որպես կայուն զարգացման կարևոր նախապայման, ինչպես նաև համաշխարհային բնապահպանական խնդիրների դեմ պայքարի միջազգային ջանքերում որոշակի ներդրում ունենալու նպատակով` Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է լայնածավալ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացմանը: 
Հաշվի առնելով առկա մարտահրավերների վերազգային բնույթը և համաշխարհային մակարդակը՝ Ռոմանոս Պետրոսյանը կոչ է արել երկրներին համատեղել ջանքերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։ 
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձր մակարդակի այս հարթակն ու լսարանը օգտագործել է և համաժողովի լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցում էին տարբեր երկրներից շուրջ 800 մասնակից, ևս մեկ անգամ բարձրաձայնել է և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։ 
Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ժոցովրդի դեմ ռազմական հանցագործություններին, կիրառված արգելված զինատեսակների հետևանքով առաջացած հումանիտար և բնապահպանական ճգնաժամին։ Խոսել է պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիայի և ոտնձգությունների մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ։