ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.11.2022
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Green Green» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արամ Քոսյանին և «Աղբ թափելն ամոթ է» և «Մաքրապատում» նախաձեռնությունների համահիմնադիր Հակոբ Միկոյանին

Կարևորելով հասարակական նախաձեռնությունների և քաղաքացիների լայն ներգրավումը շրջակա միջավայրի վիճակի բարելավման գործում , այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Green Green» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արամ Քոսյանին և  «Աղբ թափելն ամոթ է» և «Մաքրապատում» նախաձեռնությունների համահիմնադիր Հակոբ Միկոյանին։
Մասնագիտությամբ զինվորական, ռադիոինժեներ Հակոբ  Միկոյանը տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանի տարբեր համայնքներում աղբի կամավոր հավաքմամբ, մաքրապատման աշխատանքների կազմակերպմամբ և համակարգմամբ։
2021 թվականին կամավորելու նպատակով Հայաստան վերադարձած և հայրենիքում մշտական բնակություն հաստատած Արամ Քոսյանն ամեն կիրակի օտարազգի կամավորների հետ մաքրում է Հայաստանի որևէ անկյուն, իրականացնում ծառատունկեր և խնամում կենդանիների: Ստեղծել են «Green Green» նախաձեռնությունը և քարոզում են էկո-ակտիվիզմ։
Նախարարը շնորհակալություն է  հայտնել հայրենանվեր և շնորհակալ գործունեության համար և պատրաստակամություն հայտնել նախ անձամբ ներգրավվել կամավորական նախաձեռնություններին և մաքապատման աշխատանքներին, ապա պետական-գերատեսչություն-հասարակական սեկտոր համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ և համակարգված դարձնելու գործընթացներին։
 «Մեր շրջապատում առկա արատավոր երևույթները և շրջակա միջավայրի հանդեպ մակերեսային ընկալումը հետևանք են էկոլոգիական գիտելիքների և մշակույթի ցածր մակարդակի կամ ընդհանրապես բացակայության։ Այս խնդրի միակ լուծումը  քաղաքացիական գիտակցության փուլառփուլ բարձրացումն է և շրջակա միջավայրի հանդեպ առանձին անհատների, մարդկանց խմբերի և ողջ հասարակության վարքագծի նոր մոդելի մշակումը։ Դուք ձեր գործունեությամբ օրինակ եք ծառայում, թե ինչպես պետք է սիրել բնությունը, շրջակա միջավայրը և հայրենիքն, առհասարակ, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ և ձեր միջոցառումներին միացած յուրաքանչյուր կամավորի»,-նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել նախաձեռնությունների գործունեությունը, գրանցած արդյունքները, խնդիրները, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները։
Նախարարը խնդրել է գործընկերներին համագործակցել ոլորտում նույն գործունեությունն իրականացնող կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ և պատրաստակամություն հայտնել ջանքեր ներդնել այդ համագործակցության կայացման գործում։