ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: 
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ ուղղությունների մասով վեց տարվա կտրվածքով նախատեսված է կատարման ենթակա 60 միջոցառում, որից 36-ը` 2022 թվականի ընթացքում: Այս միջոցառումներից 21-ը կրում են շարունակական բնույթ, և միայն 15-ը պետք է ամբողջապես կատարվեին 2022 թվականին: 
2022 թվականին ընդունվել է Ջրային օրենսգրքի և հարակից օրենքների փաթեթը, 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգի պարտադիր պահանջ: Համակարգի արդյունավետ ներդրման նպատակով ձկնաբույծների հետ տարվում են աշխատանքներ` համատեղ ձևավորված աշխատանքային խմբի շրջանակում: Սահմանվել է բնօգտագործման վճարի դրույքաչափ` հիդրոէներգետիկ նպատակով մակերեւութային ջրերի օգտագործման յուրաքանչյուր խորանարդ  մետրի համար 0,1 դրամ, որը պետական բյուջե շուրջ 620 մլն դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: Վերանայվել են ջրօգտագործման թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը, ինչը պետական բյուջե շուրջ 13,6 մլն  դրամ տարեկան լրացուցիչ մուտք կապահովի: 2024 թվականի հունվարի 1-ից սահմանվել է նաև ՀԷԿ-երի համար տվյալների առցանց փոխանցմամբ էկոլոգիական թողքի հաշվառման պարտադիր պահանջ եւ այլն:  Սեւանա լճի աղտոտվածության վերաբերյալ նախարարը հայտնել է, որ 2022 թվականին մաքրվել է լճի 46,60 հեկտար ափամերձ տարածք, այս տարի նախատեսվում է մաքրել 300 հեկտար:
2022 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից բաց է թողնվել 165 մլն խորանարդ մետր` օրենքով սահմանված տարեկան 170 մլն խմ ջրաքանակից քիչ: 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 227,6 մլն խմ: Աշխատանքներ են տարվում` բարձրացնելու լճի ջրի մակարդակը: