ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2024
Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:
Այն նշվում է ամեն տարի եւ բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար:
Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ Երկիր մոլորակի հողերի մինչև 40%-ը դեգրադացված է, ինչը ուղղակիորեն ազդում է Երկրի բնակչության կյանքի որակի վրա: 2000 թվականից ի վեր երաշտների թիվը և տևողությունը աճել է 29%-ով և առանց հրատապ միջամտությունների երաշտները կարող են ազդել աշխարհի բնակչության երեք քառորդի վրա մինչև 2050 թվականը:
Հողերի վերականգնումը ՄԱԿ-ի էկոհամակարգերի վերականգնման տասնամյակի (2021-2030թթ.) առանցքային հենասյունն է, որն ամբողջ աշխարհում էկոհամակարգերի պաշտպանության և վերակենդանացման կոչ է անում, ինչը կարևոր է Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Ահա թե ինչու 2024 թվականին Շրջակա միջավայրի համաշխարհային օրը աշխարհը կենտրոնանում է հողերի վերականգնման, անապատացման դադարեցման և երաշտի դեմ դիմացկունության բարձրացման վրա՝ «Մեր երկիրը. Մեր ապագան. Մենք՝ «ՎերականգնողՍերունդ»։ 
Մենք չենք կարող ժամանակը ետ դարձնել, բայց կարող ենք անտառներ տնկել, ջուրն արդյունավետ օգտագործել և հողերը վերականգնել: 
Մենք այն սերունդն ենք, որը կարող է Երկրի հետ հաշտություն կնքել։
Շնորհավորում ենք  օրվա առթիվ։ 
Բնապահպանն առաջին հերթին ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում։
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։
Պահպանե’ք բնությունը, եղե’ք բնության հետ ներդաշնակ: