ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2023
Էկոկրթական բաց դաս Հայաստանի Բնության պետական թանգարանում

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանական թեմայով բաց դաս է անցկացրել Հայաստանի բնության պետական թանգարանում։ 
Դասին մասնակցել են Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները։ 
Շրջակա միջավայրի նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը ողջունել է աշակերտներին և ներկայացրել երիտասարդ սերնդի մասնակցության կարևորությունը բնապահպանական խնդիրների բացահայտման և դրանց լուծման գործում։ 
Աշակերտներին է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի  մասին պատմող տեսաֆիլմ։ Նախարարության իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը և Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արփինե Փանոյանը բնապահպանական հետաքրքիր թեմաներով դասախոսություններ են կարդացել, որից հետո անցկացվել է խաղ-վիկտորինա։
Շրջակա միջավայրի նախարարությունը չափազանց կարևորում է նոր էկոլոգիական մտածելակերպի ձևավորումը՝ հիմնված բնության և հասարակության համատեղ զարգացման սկզբունքների վրա, որն անհնար է առանց համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության: