ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am հարթակում, շրջանառել է «Վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը

Վայրի կենդանիների վերաբնակեցումը կիրականացվի յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված ծրագրի համաձայն:
Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է կառավարության որոշման նախագիծ «Վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը սահմանելու մասին»:
Ներկայումս չկա որևէ իրավական ակտ, ինչը կկանոնակարգի Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման (այսուհետ՝ Վերաբնակեցում) գործընթացը, մինչդեռ շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության, ինչպես նաև կենսամիջավայրերում կենդանական տեսակների վերականգնման տեսանկյունից այս գործընթացի կանոնակարգումն ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից է:
Տարիների ընթացքում մշակվել և իրականացվել են Վերաբնակեցման մի շարք ծրագրեր, որոնց իրականացման գործընթացում սահմանված չեն եղել մեկ միասնական մոտեցման, պայմաների և պահանջների սահմանման սկզբունքներ։ Բացի այդ շատ հաճախ, Վերաբնակեցման գործընթացի կարևորությունը չգիտակցելով, անհատ անձանց և կազմակերպությունների կողմից իրականացվում է կենդանական տեսակների վայրի բնություն վերաբնակեցնելու աշխատանքներ՝ հիմքում դնելով Վերաբնակեցման նպատակ, որն իր մեջ կրում է բազմաթիվ ռիսկեր և խնդիրներ։
Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ, ինչի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում Վերաբնակեցումն իրականացվում է յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված ծրագրի՝ բացառությամբ Կառավարության կողմից հաստատված ծրագրերի։
Վերաբնակեցման համար հիմք է հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից տրամադրված դրական եզրակացությունը, ինչի համաձայն Լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվությամբ իրականացվում է Վերաբնակեցում: