ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.08.2022
Սևանա լճի օրվան նվիրված միջոցառումներ Դրախտիկ գյուղում

1999 թվականից ի վեր ամեն տարվա օգոստոսի վերջին կիրակին հայտարարված է Սևանա լճի օր: 
Այս տարի օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր միջացառումներ նվիրված Սևանա լճի պահպանությանը, որը կազմակերպել էլ էր «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում: 
Միջոցառումներին ներկա էին Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ , ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ:
Օրը սկսվեց Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան և Դրախտիկ համայնքներում, որտեղ կազմակերպվել էին մաքրապատման աշխատանքներ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի ներքո, որն իրականացվում է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից:
Մաքրապատման աշխատանքներին միացել էին Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների և Գեղարքունիքի մարզի Դրախտիկի և Ճամբարակ միջնակարգ դպրոցների սաները: Յուրաքանչյուր դպրոցից մինչև 20 աշակերտ ներգրավվել էր աշխատանքներին: 
Ուրբան հիմնադրամի կողմից ներկայացվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց՝ բարձրացնելու իրազեկումը երիտասարդների շրջանակում։
Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն, որից հետո սկսվեցին մաքրման աշխատանքները:
Աշխատանքներից հետո կազմակերպվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև «Սևանա լճի արդի խնդիրների և լուծումների» մասին քննարկում աշակերտների և ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանի միջև: 
Հանդիպման ժամանակ մարամասն  քննարկում ծավալվեց Սևանա լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրների և լուծումների շուրջ։ Քասախի և Դրախտիկի դպրոցի աշակերտները իրենց հարցերն ու առաջարկությունները ուղղեցին  փոխնախարարին և «Սևանի ընկերներ» ծրագրային թիմի ներկայացուցիչներին։ 
Փոխնախարարը երեխաների հարցերին պատասխանելիս կարևորեց և ընդգծեց Սևանա լճի նշանակությունը ոչ միայն բնապահպանական, այլև  որպես խմելու ջրի բացառիկ պաշար: Արամ Մեյմարյանը ներկայացրեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն ուղղված ՀՀ կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, խոսեց ընթացիկ աշխատանքներից՝ անդրադառնալով ձկնապաշարի վերականգնման և մաքրման կայանների տեղադրման հարցերին։ Փոխնախարարը կարևորեց նաև միջոցառումներին հատկապես երիտասարդ սերնդի մասնակցությունը, քանի որ նրանք են այն օղակը իրենց ընտանիքներում, համայնքում ու շրջապատում, որ պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահեն շրջակա միջավայրի պահպանությունը։
Քննարկումը եզրափակվեց ընդհանուր որոշմամբ, թե ինչ կարող է անել յուրաքանչյուր ոք՝ նպաստելու Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանը։
Միջոցառումների շարքն ավարտվեց Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում, որտեղ տեղի ունեցավ «ՍԵՎԱՆԻ ԱՂԵՐՍԸ» էկո-կրթական թատերական ներկայացումը: Այն պատրաստվել է Արեգունի ՀԿ-ի կողմից «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ-ն Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ներքո։
«ՍԵՎԱՆԻ ԱՂԵՐՍԸ» թատերական ներկայացման նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սևանի հիմնախնդիրները բեմադրության միջոցով։ Այն տարբեր տարիքի հանդիսատեսին պատմում է Սևանա լճի հիմնախնդիրների մասին: Ներկայացման ավարտին խնդիրները ամփոփվում են հանդիսատեսի հետ ինտերակտիվ կերպով: 
Արդեն մեկ ամիս է անցել էկո-կրթական թատերական ներկայացման պրեմիերայից, որն արդեն հասցրել են սիրել Գեղարքունիքի մարզի թե՛ փոքրիկները, և թե՛ մեծահասակները: Ներկայացումը դիտել են շուրջ 300-ից 350 և ավելի երեխաներ և ծնողներ Ճամբարակից և Լճաշենից: Իսկ սեպտեմբեր ամսվա ընթացքում ներկայացումը կշրջի Գեղարքունիքի մարզի շուրջ ութ համայնքներով:
Թող այս օրը մեզ հիշեցնի գետերի ու լճերի մաքրության կարևորության մասին: Սիրենք մեր հայրենիքն ու Սևանա լիճը, գիտակցենք դրա դերի կարևորությունը մեր կյանքում։ 
Սևանա լճի  ապագան մեր ձեռքերում է: