ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2022
«Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնից եղջերուների առաջին խմբաքանակը բաց թողնվեց բնություն

Հոկտեմբերի 14-ը «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում նշանավորվեց անչափ կարևոր իրադարձությամբ՝ բնություն բաց թողնվեց եղջերուների 3 առանձնյակ։ 
Տոնական միջոցառմանը մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Դիլիջան» ազգային պարկի, միջազգային կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին, նախարարը նախ շնորհավորեց ներկաներին ուրախալի իրադարձության առթիվ և կրկին կարևորեց բնության հավասարակշռության վերակնգնման հարցը. 
«Հայաստանում կենսաբազմազանության խախտված հավասարակշռության վերականգնումը մեր առաջնային խնդիրն է և այսօրվա միջոցառումը դրան հասնելու քայլերից մեկն է: Նախկինում նման գործընթաց չի եղել և սա իր բնույթով նաև մեզ համար շատ կարևոր ճանապարհի փորձառություն է,որն հետագայում մեզ օգնելու է կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնման մեր բացերը լրացնելու գործում»: 
Նախարարը շնորհակալություն հայտնեց «Դիլիջան» ազգային պարկի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աշխատակիցներին ծրագրի կայացման գործում երկար տարիներ ներդրած ջանքերի համար։
Նախարարն իր ելույթում կարևորել է նաև կենդանիների՝ բնության մեջ պահպանության հարցը՝ ակնկալելով տեղական ինքնակառավարման մարմինների,պետական այլ գերատեսչությունների և իրավագիտակից քաղաքացիների աջակցությունը։
Ելույթներով հանդես են եկել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ազգային համակարգող Արման Վերմիշյանը:
Ապա ուղիղ միացմամբ տեսախցիկների միջոցով ներկաները հետևել են եղջերուների բնություն բացթողնման արարողությանը։
2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF- Գերմանիան և Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։ 
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ։ Եղջերուները տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել է եղջերուների բազմացման կենտրոնը: 
Մինչ օրս կենտրոնում ծնվել է 21 եղջերու, և այս միջոցառման շրջանակներում նախատեսում ենք առաջին փորձնական խմբի ազատ արձակումը «Դիլիջան» ազգային պարկ։ 
Առաջիկա տարիներին նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի ազատ արձակում բնություն։