ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2022
Հայաստանում թե՛ դեռահասները, թե՛ մեծահասակները պատրաստ են կլիմայի փոփոխությունը կանխելու համար միջոցներ ձեռնարկել, սակայն գիտելիքների ամրապնդման անհրաժեշտություն կա

Երկրի օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ՀՀ շրջակա միջավայրի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակությամբ հրապարակել են առաջին անգամ իրականացված կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի հետազոտություն Հայաստանի 52 խոշորացված համայնքներում: 
Թիրախավորելով թե՛ դեռահասներին, թե՛ մեծահասակներին՝ հետազոտությունը նպատակաուղղված է պարզելու նրանց ընկալումներն այն մասին, թե ինչ է կլիմայի փոփոխությունը, և ինչպես է այն ազդում իրենց համայնքների վրա, նրանց վերաբերմունքը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու բնապահպանական ակտիվության բարձրացմանն ուղղված գործողություններում ներգրավվելու նրանց պատրաստակամությունը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ 
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և  կարևորել այն հանգամանքը, որ միջոցառումն անցկացվում է շրջակա միջավայրի համար շատ հատկանշական օր՝ Երկիր մոլորակի միջազգային օրը։ 
Իր ելությում նախարարի տեղակալը  ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել այն աշխատանքի համար, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է Հայաստանում։
«Եթե ուզում ես ունենալ բարեկեցիկ երկիր, պետք է նախ խթանես էկոլոգիական դաստիարակությունը երեխաների և երիտասարդության շրջականում։ Նրանց վերաբերմունքը դեպի բնություն ձևավորվում է կրթական միջավայրում և դա կարող է լինել այն հարթակը, որով երիտասարդ սերնդի մեջ կձևավորվի վերաբերմունք դեպի բնություն, բնապահպանություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը աշխատում է շատ ակտիվ լինել էկոկրթական միջավայրի ձևավորման հարցում։ էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով նախարարությունը հաճախ կազմակերպում է դպրոցականների այցեր նախարարություն,  թանգարաններ և բնության հատուկ պահպանվող տարածքներ»,-նշել է նախարարի տեղակալը։
«Հետազոտությունը հստակ մատնանշում է կլիմայական փոփոխությունը և բնապահպանական խնդիրները լուծելու գործում կրթության՝ թե ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ, կենսական նշանակությունը: Կլիմայական պատշաճ կրթությունը կարող է խրախուսել երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին փոխել իրենց վերաբերմունքն ու վարքագիծը և դրդել քայլեր ձեռնարկելու,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը,-այս հետազոտությունը գալիս է համալրելու այն տեսակետը, որ կառավարությունները պետք է ներդրումներ կատարեն հօգուտ կլիմայական կրթության և ներառեն կլիմայի փոփոխության ուսուցումը ուսումնական ծրագրերում՝ զուգակցելով այն բնապահպանական միջոցառումների և նախագծերի մասնակցելու համար երեխաներին տրվող հնարավորություններով»:
Հետազոտությունն իրականացվել է 483 դպրոցների 6-12-րդ դասարանների 1,517 դպրոցականների, այդ թվում՝ հատուկ կրթության կարիք ունեցող 45 աշակերտների շրջանում ինքնալրաց վեբ հարցազրույցների միջոցով, ինչպես նաև 52 խոշոր համայնքներում 710 մեծահասակների շրջանում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: 
Մեթոդոլոգիան և գործիքակազմը հարմարեցվել են տարիքին համապատասխան դարձնելու նպատակով՝ հաշվի առնելով նաև մեծահասակների կարիքներն ու յուրահատկությունները: Դեռահասների շրջանում տվյալների հավաքումն ապահովվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համատեղ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ շարունակելու է աջակցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին և այլ գործընկերներին՝ կլիմայի փոփոխության մասին կրթությունն ազգային ուսումնական ծրագրում ներառելու, ուսուցիչների համար վերապատրաստման մոդուլներ մշակելու և նրանց կարողությունների զարգացմանն աջակցելու համար, ինչպես նաև դեռահասների համար հնարավորություններ և հարթակներ ստեղծելու, որպեսզի նրանց ձայնը լսելի դառնա, և նրանք հնարավորություն ունենան մասնակցելու համայնքային ծրագրերի իրականացմանը:  Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստակամ է օժանդակել բոլոր այդ ծրագրերի կյանքի կոչմանը։