ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2022
«Ջրի համաշխարհային օրվան» նվիրված ֆոտո մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Երևանի բուսաբանական այգու Էկոէպիկենտրոնում

Մայիսի 21-ին կայացավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից կազմակերպված «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված ֆոտո մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Երևանի բուսաբանական այգու Էկոէպիկենտրոնում: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:
Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մրցույթի մասնակիցներին ցուցաբերած հետաքրքրվածության համար․
«Սևանա լճի հետ կապված մեր քաղաքացիների հիշողությունները և առկա խնդիրներին նրանց մոտեցումները վեր հանող մրցույթը ցույց տվեց, որ Սևանի նշանակությունը տարիների  ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանրապես մեր տարածաշրջանի համար։ 
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություներից է լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին։
Եկեք միասին քայլենք խնդիրների լուծման ճանապարհով։ Միայն այդպես մենք  կարող ենք առաջընթաց արձանագրել ոլորտի խնդիրների լուծման ճանապարհին»,-նշեց Արամ Մեյմարյանը։
Մրցույթին մասնակցել են 39 մասնակից, որոնց մեջ կային թե արհեստավարժ լուսանկարիչներ, թե դպրոցականներ, եւ թե սովորական քաղաքացիներ, ովքեր ցանկացել են կիսվել «Սևանա լճի» հետ կապված իրենց հիշողություններով, լճի խնդիրների ու դրանց լուծումների մասին իրենց պատկերացումներով: Նկարները թեմատիկ առումով շատ բազմազան էին՝ Սևանի անհավանական գեղեցկությամբ տեսարաններ, պրոֆեսիոնալ և ոչ մասնագիտական լուսանկարներ, նույնիսկ ընտանեկան արխիվային լուսանկարներ, որոնք ժամանակին արվել են ժապավենային ֆոտոխցիկով:
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում հաղթողներին: Մեր նպատակն է բարելավել Սևանա լճի բնապահպանական վիճակ՝ իրազեկելով հանրությանը: Սա հիրավի լավ առիթ էր: Յուրաքանչյուր ոք, ով լճի հետ շփվում է, լինի դրա ձկնորս, զբոսաշրջիկ, շրջակա համայնքների բնակիչ, ֆերմեր և այլն, պարտավոր է հոգ տանել և պատշաճ էկո-վերաբերմունք ցուցաբերել լճի նկատմամբ։ Մեր ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք մարդկանց դրա մասին տեղեկացնել: Ֆոտոմրցութի շնորհիվ մենք տեսանք, թե որքան թանկ ու կարեւոր է Սևանա լիճը: Չէ՞ որ միայն բոլորիս ներգրավվածության արդյունքում ապագայում լիճը և դրա շրջակա միջավայրն ամբողջությամբ պաշտպանված կլինի», - ընդգծեց Քրիստիան Հենշելը։
Ժյուրիի կազմում արհեստավարժ լուսանկարչի հետ նաև ներկայացուցիչներ կային ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից եւ ԳՄՀԸ-ից: Հաղթող 8 լուսանկարները զբաղեցրեցին «Իմ լավագույն հիշողությունը Սևանի հետ», «Ի՞նչ խնդիրների է բախվում այսօր Սևանը», «Ինչպե՞ս պահպանենք Սևանը» եւ «Պրոֆեսիոնալ լուսանկար» անվանակարգերի համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը՝ ըստ ժյուրիի գնահատման: Մրցույթի մյուս մասնակիցները ստացան շնորհակալական հավաստագրեր մասնակցության համար և անակնկալ նվերներ:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության, հետաքրքիր մտահղացումների և ինքնատիպ լուսանկարների համար: