ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2022
Կողմերի 27-րդ համաժողովին ընդառաջ Հայաստանում անցկացվեց կլիմայական ֆորում

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնցենցիայի (ԿՓՇԿ) Կողմերի 27-րդ համաժողովից առաջ Երևանում տեղի ունեցավ «COP-27-ին ընդառաջ զարգացման կլիմայական գործընկերների ֆորումը»` կազմակերպված ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ, կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողների, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմերի, միջազգային գործընկերների, դոնոր կազմակերպությունների և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ֆորումին ներկա էին և ելույթներով հանդես եկան շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Գայանե Գաբրիելյանը, ով նաև հանդիսանում է ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին, տեսաուղերձով հանդես եկավ Ազգային սահմանված գործողությունների (ԱՍԳ) Գործընկերության աջակցման գրասենյակի երկրի ներգրավման տնօրեն տիկին Մարիանա Պանունսիո-Ֆելդմանը:
Ֆորումը մեկնարկեց ՀՀ նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի ողջույնի ուղերձով, որը ներկաներին փոխանցեց նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչություն պետ պարոն Տիգրան Սամվելյանը, նշելով, որ երկրի տնտեսական և սոցիալապես պատասխանատու պետական քաղաքականության և կայուն զարգացման ապահովման համար էական է կանաչ և կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձևավորումը: Հայաստանը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, որը հիմնված է կանաչ տնտեսության տեսլականի վրա և համատեղելի է երկրի սոցիալական և անվտանգության նպատակների հետ:
2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ԱՍԳ՝ սահմանելով ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ, որն է 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ։ Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը կառավարությունում խորհրդակցությունների փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, որը պայմանավորված է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան աջակցությամբ:
«Շրջակա միջավայրի նախարարությունն ու ՄԱԶԾ-ն կազմակերպել են այս Կլիմայական ֆորումը մասնակիցներին ներկայացնելու ազգային կլիմայական օրակարգը, տրամադրելու թարմացումներ առնչվող ընթացիկ գործընթացների և աջակցության շրջանակների վերաբերյալ, ինչպես նաև` քննարկելու առաջիկա «COP-27»-ին մասնակցության Կառավարության ակնկալիքները», բացման ելույթում նշեց տիկին Նաթիա Նացվլիշվիլին:
Փոխանախարար Գաբրիելյանը նշեց, որ կլիմայական օրակարգում երկրի հարմարվողականության գործողությունների հետ կապված սահմանվել են առաջնահերթության ոլորտներ և, ելնելով կլիմայական փոփոխության նկատմամբ տարբեր ոլորտների խոցելիության աստիճանից, առանձնացվել են առավել խոցելի ոլորտները` էկոհամակարգերի, կենսաբազմազանության, առողջապահության, ջրային ռեսուրսների կառավարում, էներգետիկա, համայնքային ենթակառուցվածքներ և զբոսաշրջություն: Ֆորումի ընթացքում ներկայացվեցին ոլորտային թարմացումներ, ծրագրեր, մարտահրավերներ:
Մասնավորապես` ներկայացվեցին Հայաստանի հանձնառությունները նպաստելու գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ միջազգային ջանքերին՝ միաժամանակ բարձրացնելով երկրի կլիմայական դիմադրողականությունը և ԱՍԳ Գործընկերության ծրագիրը, որը հանդիսանում է ազգային կլիմայական գործողությունների համակարգման գործիք, դրա թարմացված տարբերակը և հաջորդ քայլերը: ԱՍԳ Գործընկերությանը Հայաստանը միացել է 2018թ․ օգոստոսին` ամրապնդելու երկրի կարողությունները և ջանքերը կլիմայի ազգային օրակարգի նպատակներին հասնելու համար:
Հայաստանի հետ համագործակցությունը կարևորելով` տիկին Մարիանա Պանունսիո-Ֆելդմանը նշեց, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության արդյունավետ համակարգման և զարգացնող գործընկեր ՄԱԶԾ ֆասիլիտացիայի շնորհիվ, հնարավոր է դարձել Կառավարությանը, իրականացնող և զարգացնող գործընկերներին ներկայացնել ԱՍԳ Գործընկերության պլանը:
Նաև հավելեց, որ, հաստատելով Հայաստանի հայտն` ընդլայնել կարողությունների զարգացման շրջանակը, ԱՍԳ Գործընկերությունը տրամադրելու է աջակցություն։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ որպես ԱՍԳ Գործընկերության ինստիտուցիոնալ անդամ, ընտրվել է որպես իրականացնող գործընկեր՝ աջակցելու հայտում առկա գործողությունների իրականացմանը:
Սույն միջոցառումը նաև ուղղված էր ազգային կլիմայական գործողությունների շրջանակներում երկրում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի շահերի ներկայացման և ներառման ապահովմանը։ Ֆորումին մասնակցեցին կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողներ, ներառյալ կառավարության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմեր, միջազգային գործընկերներ, դոնոր կազմակերպություններ և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչներ: Միջազգային դոնոր կազմակերպության ներկայացուցիչները նույնպես հանդես եկան ելույթներով` ներկայացնելով իրենց կատարած և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա պլանները, որոնք նպաստելու են Հայաստանի կլիմայական օրակարգի իրականացմանը:
Ֆորումն աջակցում է ՀՀ կառավարությանը բացահայտելու երկրի արդի կարիքները, առկա ու աջակցության շրջանակները հարմարվողականության և մեղմման առաջնահերթ ոլորտների իրականացման համար ինչպես նաև նպաստելու Կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում ազգային պատվիրակության օրակարգի ձևավորմանը։
Հայաստանի ստանձնած հանձնառության կատարման ճանապարհին կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ նման ֆորումները, պարբերական աշխատաժողովները և խորհրդակցությունները կառավարության, մասնավոր և հանրային հատվածի, դոնորական և աջակցող գործընկերների հետ ապահովում են երկխոսության հարթակ՝ նպաստելով համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը:
Կլիմայի այս ֆորումն անցկացումը պատեհաժամ է, քանի որ այն տեղի է ունենում 2022 թվականի նոյեմբերի 6-18-ը Եգիպտոսի կառավարության կողմից կազմակերպված Կողմերի 27-րդ համաժողովին (COP-27) ընդառաջ, որտեղ տեղի կունենա զարգացած և զարգացող երկրների միջև երկխոսություն ԱՍԳ-ների իրականացման, հարմարվողականության գործողությունների, կլիմայական ֆինանսավորման և թափանցիկության հարցերի շուրջ: