ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում» ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է  «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում» ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովին։
Տեղեկացնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-26-ը Հայաստանում անցկացվում է «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովը»։
Միջոցառումը կազմակերպվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ), ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի, և Կորեայի կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ Բանգկոկի տարածաշրջանային գրասենյակի «Գենդերազգայուն և ռիսկերի վրա հիմնված կայուն զարգացման գլոբալ ծրագրի » և ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ։
Համաժողովի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության անվտանգային ռիսկերի վերաբերյալ ամենավերջին գիտական փաստերն ու ապացույցները, ազգային բարենպաստ միջավայրում կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցություններն ու առաջնահերթությունները: 
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշման, շրջակա միջավայրի նախարարությունն ի թիվս այլ հարցերի, մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականություն։ 
Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը կանաչ և կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձևավորումն է, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի տնտեսության մրցակցային առավելությունները՝ կլիմայի գլոբալ փոփոխությամբ առաջացած սոցիալական մարտահրավերներին զուգահեռ։ Տնտեսական նման քաղաքականության ձևավորումն ու իրականացումն առավել քան արդիական է համաճարակի և պատերազմի առաջացրած կրկնակի ճգնաժամային շրջանում։ 
Այս համատեքսում, մեր երկիրը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, քանզի դրանք հիմնված են կանաչ տնտեսության սկզբունքների վրա ու համատեղելի են մեր երկրի սոցիալտնտեսական զարգացման նպատակների հետ։ 
Նախարարն իր ելույթում անդրադարձել է Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության  ոլորտում ՀՀ վարած քաղաքականությանը և խոսել իրականացվող միջոցառումներից և օրենսդրական բարեփոխումներից։
Նախարարը կարևորել է հանրության դերը կլիմայական գործողություններում։ Կլիմայական գործողությունները   վարքագծային փոփոխություններ են պահանջում, ինչը արդի աշխարհում անընդհատ վերաձևակերպվում է՝ հնից-նորին կարգախոսով։ 
Շրջակա միջավայրի նախարարության խնդիրն է նաև այդ փոփոխությունների վերաբերյալ իրազեկումը՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված թիրախին համատեղ ջանքերով ձգտելու և իրականացնելու համար։