ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.06.2024
«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» միջոցառում - մրցանակաբաշխություն

Կլիմայական փոփոխությունների ազդեցության հակազդման ու հետևանքների գիտակցման հրամայականն է այսօր, քանի որ դրանք իրենց ունեցած բացասական հետևանքների պատճառով սպառնալիք են հանդիսանում երկրագնդի, մարդկության և կենսաբազմազանության համար՝ տնտեսական, հասարակական ու բնապահպանական առումներով։ Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, ներգրավված են կլիմայի փոփոխության մեղմման, հակազդման, հարմարվելուն ուղղված գործողություններում։
Եթե 30 տարի առաջ կլիմայի փոփոխության քաղաքականությունները և գործողությունները չէին առանձնացնում կանանց և տղամարդկանց կարիքներն ու հնարավորությունները, ապա, տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների և համապատասխան փորձի ձեռքբերման արդյունքում կարևորվեց կանանց դերակատարումը այդ գործում և, հետևաբար, կանանց առաջնորդության խրախուսման հարցը դարձավ օրակարգային թե՛ ազգային ռազմավարություններում, թե՛ միջազգային ծրագրերում: Դա, անշուշտ, նպաստեց, որպեսզի բնագավառի քաղաքականություններն ու գործողությունները դառնան ավելի արդյունավետ և ներառական՝ հասարակության բոլոր խմբերի համար:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության հետ համատեղ,  Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում - մրցանակաբաշխությունը՝ նպատակ ունենալով ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։
Միջոցառումը կարևոր հարթակ է ստեղծում լավագույն փորձի տարածման համար` խթանելով շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ուշադրություն հրավիրելով կանանց և տղամարդկանց վրա կլիմայի փոփոխության անհամաչափ ազդեցության վրա։
Իրականացված նախագծերի շրջանակում մրցանակաբաշխության անվանակարգերը հետևյալն են՝

  • Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ,
  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության լուծումներ,
  • Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն,
  • Կլիմայական խնդիրների և լուծումների  լուսաբանում,
  • Կլիմայական կրթություն բոլորի համար,
  • Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ, 
  • Երիտասարդները կլիմայական գործողություններում։

Մրցանակաբաշխության ընթացքում կանցկացվի կլիմայական լուծումների խրախուսմանը նվիրված պարգևատրում, որի նպատակն է խրախուսել կանանց կամ աղջիկների կողմից ղեկավարվող/համակարգվող նոր նախագծերը։ Մտքերի կամ սկսնակ նախագծերի շրջանում նախատեսվում են հաղթողներ հետևյալ երկու անվանակարգերում`

  • Լավագույն լուծում տեխնիկական/տեխնոլոգիական լուծումներով,
  • Լավագույն լուծում ոչ տեխնիկական լուծումներով։

Մրցանակաբաշխությանը մասնակցության դիմում-հայտերն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ այլոց կողմից առաջադրմամբ։ Անվանակարգերի մասնակից կարող են լինել կանայք և աղջիկները, ովքեր՝
հանդիսացել են ներկայացվող ծրագրի, նախագծի, գործողության կամ լուծման ղեկավար, նախաձեռնող, համակարգող, կամ ունեցել են մասնագիտական ներդրում (իրավական, ֆինանսական, տնտեսական, կլիմայական և այլն) ծրագրի, նախագծի, գործողության կամ լուծման իրագործման մեջ։
Թեկնածու առաջադրել կարող են ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր և հասարակական կազմակերպությունները, կրթական հաստատությունները, մարզային և համայնքային կառույցներ,  կազմակերպությունները։ Կազմակերպությունը կամ կառույցը կարող է առաջադրել մեկից ավելի ծրագիր/լուծում և թեկնածու։

Ինքնաառաջադրվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր-նամակ։ Հայտադիմումը լրացնելիս, թեկնածուն պետք է նշի մեկ կամ մի քանի երաշխավորի էլեկտրոնային հասցե, որոնց կազմակերպիչների կողմից կուղղվի երաշխավորագիր տրամադրելու նամակ-առաջարկ։

Յուրաքանչյուր անվանակարգի համար կարելի է ներկայացնել միայն մեկ թեկնածու: Խաչաձևող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները կարող են առաջադրվել առավելագույնս երկու անվանգակարգում։ 

Ներկայացվող լուծումները պետք է իրականացված լինեն վերջին երեք տարվա ընթացքում: 

Ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր ծրագրերը կամ լուծումները կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում։ Խրախուսվում է հայտադիմումը լրացնել, եթե իրականացված աշխատանքը/լուծումը ուղղված է եղել կլիմայի փոփոխության մեղմմանը և/կամ հարմարվողականությանը, իսկ արդյունքներն ունեցել են իրական, երկարաժամկետ, կրկնօրինակելի ազդեցություն, օրինակը տարածվել են այլ համայնքներում կամ երկրներում։
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ էլեկտրոնային հայտադիմումը՝ https://forms.gle/zdYUyLSpLwDiSyTW8 սկսնակ նախագծերի ներկայացնելու համար լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://forms.gle/1p6uLQx2tGzBjNJN8։ 
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև 2024թ. հուլիսի 3-ն է:
Էլեկտրոնային հայտադիմումի ներկայացման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (041) 102 221 հեռախոսահամարով, ինչպես նաև դրանք ուղղել awards@wice.am էլեկտրոնային հասցեին։
Լրացուցիչ տեղեկությունների, ընթացիկ նորություններին ծանոթանալու համար կարող եք այցելել մրցանակաբաշխության կայքէջ՝ https://www.wice.am/awards հունիսի 15-ին և 22-ին մասնակցել մրցանակաբաշխության մանրամասների ներկայացման առցանց հանդիպմանը, որի համար հարկավոր է նախապես գրանցել հետևյալ հղմամբ` https://forms.gle/UJSPpsFxh78vF4M38։ 
Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։