ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2022
Հայաստանի կենսաբազմազանության 10-ամյա համակարգված մոնիթորինգի նախագծի մշակում. փորձագիտական կլոր-սեղան

Կովկասի բնության հիմնադրամը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախաձեռնել է «Հայաստանի կենսաբազմազանության 10-ամյա համակարգված մոնիթորինգի նախագծի մշակում» խորագրով երկօրյա փորձագիտական աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Կենսաբազմազանության հարցերի խորհրդատու Տատյանա Ռոսեն, Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Թոբիասի Մյունխմայերը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, պետական գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը.
«Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաբազմազանության՝ ներառյալ բնական էկոհամակարգերի, անտառների, լանդշաֆտային բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության մոնիթորինգը անհրաժեշտ է պետությանը և հասարակությանը` շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, երկրի էկոլոգիական անվտանգության և կայուն զարգացման, բնության մեջ ընթացող երևույթների ու պրոցեսների, կլիմայի փոփոխության  և դրանց հետևանքների վերաբերյալ լիարժեք պատկերացում ունենալու համար, ինչպես նաև շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակի և դրանց վրա բնածին ու մարդածին փոփոխությունների վնասակար հետևանքների գնահատման համար»։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև  կենսաբազմազանության մոնիթորինգի և կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվական համակարգի ոչ լիարժեքությանը՝ նշելով, որ  բացակայում է կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգված և միասնական ցանցը և ցածր է ստացված արդյունքների հավաստիությունը։
Ելույթներով և զեկույցներով հանդես են եկել «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի ներկայացուցիչ Հինդրիխ Խլապեկը, Կենսաբազմազանության հարցերի խորհրդատու Տատյանա Ռոսեն և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։
Ներկայացվել են մոնիթորինգի համակարգի ձևավորման սկզբունքները, նպատակի սահմանման չափանիշները և ակնկալվող արդյունքը։
Աշխատաժողովը տևելու է երկու օր։ Մասնակիցները խմբային քննարկումների և ակտիվ հարցուպատասխանի միջոցով կձակերպեն այն հիմնական ուղենիշները, որոնցով էլ կմշակվի մոնիթորինգի նախագիծը։ 
Խոսելով ակնկալվող արդյունքներից, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հույս է հայտնել, որ այս քննարկումը և հետագա բոլոր գործընթացները կնպաստեն երկարաժամկետ մոնիթորինգի համակարգի մշակմանը, կօգնեն  հստակորեն ձևակերպել մոնիթորինգի նպատակը և խնդիրները, բացահայտել հիմնական շահառուներին և նախանշել մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների վերջնական օգտագործողին և օգտագործման նպատակը։