ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2024
Մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմազանության օր

Մայիսի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության օր «Միացի՛ր ծրագրին»:
Չնայած աշխարհում բոլոր տեխնոլոգիական առաջընթացներին, մենք լիովին կախված ենք առողջ և կենդանի էկոհամակարգերից, որպեսզի ապահովենք կենսագործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները։
Սա նշանակում է, որ մենք պետք է հոգ տանենք, պաշտպանենք և վերականգնենք մեզ շրջապատող կենսաբազմազանությունը:
Կենսաբազմազանության միջազգային օրը հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ ուշադրություն հրավիրելու կենդանի օրգանիզմների եզակի հարստության և ապագա սերունդների համար դրանց պահպանման կարևորության վրա:
Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք կարևոր նպատակներ ինչպիսիք են՝ կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:
2022 թվականի դեկտեմբերին աշխարհը հավաքվեց և համաձայնեց գլոբալ ծրագրի շուրջ՝ փոխելու մեր հարաբերությունները բնության հետ: Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումը, որը նաև հայտնի է որպես Կենսաբազմազանության ծրագիր, սահմանում է թիրախներ և կոնկրետ գործողություններ՝ մինչև 2050 թվականը բնական ռեսուրսների կորուստը կասեցնելու և վերականգնելու համար:
Այս տարվա թեման՝ «Միացի՛ր ծրագրին», գործողությունների գլոբալ կոչ է՝ խրախուսելու կառավարություններին, հասարակություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, օրենսդիրներին, անհատներին՝ կիսվել, թե ինչպես են նրանք աջակցում Կենսաբազմազանության ծրագրին: 
Մեզանից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում և կարող է նշանակալի ներդրում ունենալ ծրագրի իրականացման գործում։