ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.07.2021
Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել  անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության  գլխավոր քարտուղար Գ. Գուլյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Քննարկվել է անտառային հողերը իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության տալու պայմանները, իրավական կարգավորումները,ինչպես նաև բնապահպանական, սանիտարական նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը։
Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։
Նախատեսվում է մոտ ապագայում Անտառային կոմիտեի կազմում ստեղծել արագ արձագանքման խումբ,որը ըստ անհրաժեշտության անտառային հողերում  շաբաթվա բոլոր օրերին  24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի։
Նախարարի պաշտոնակատարը գործընկերների հետ քննարկել է ծառայության ստեղծման մանրամասները և հայտնել իր ակնկալիքները ծառայությունից. այն պետք է օժտված լինի անտառների պահպանությունը իրականացնելու ամբողջական գործիքակազմով և լիարժեք իրացնի իրեն տրված մանդատը։
Ծառայությունը միտված է մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ հսկողություն իրականացնելու նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ ծառայությունների պատշաճ կատարման նկատմամբ և իր գործունեությամբ նպաստելու անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման պետական ծրագրերի իրականացմանը։