ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.12.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության նախաձեռնած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել է Կառավարության նախաձեռնած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Օրենքի համաձայն՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: 
Նախարարի տեղակալը պարզաբանել  է, որ  սահմանված «համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» չափանիշը սահմանափակում է գործադիր մարմնի պաշտոնին հավակնող անձանց շրջանակը:
 Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Նշվել է, որ պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, վարչության պետերի ու նրանց տեղակալների, բաժնի պետերի պաշտոնները համադրելի են ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների հետ: Այդ պաշտոններում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող այն անձինք, որոնց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով թույլատրվում է զբաղեցնել հանրային ծառայության ղեկավար պաշտոններ:
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևվս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը (նշանակմանը): Պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված  կարգով:
Պատգամավորներն անդրադարձել են ՊՈԱԿ-ի տնօրենի համար պահանջվող չափանիշների դյուրացման և նվազ փորձառություն ունեցող կադրերով համակարգը համալրելու նպատակահարմարությանը, ոլորտում որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությանը: Նշվել է, որ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը Կառավարության որոշմամբ հաստատված  կարգով վարձակալության տալուն վերաբերող կարգավորումը նախկինում տեխնիկական խնդրի պատճառով չէր արվել: 
Փոխնախարարը հստակեցրել է, որ նախաձեռնությունը վերաբերում է այդ պաշտոնին հավակնող մասնագետների շրջանակի ընդլայնմանը՝ խրախուսելու համար մասնագետների միջև մրցակցությունը և նոր կադրերի ներգրավումը:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: