ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.01.2023
Մեկնարկել է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տրվել է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկը։ 
Եռօրյա միջոցառման մեկնարկային հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արամ Մեյմարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական-կրթական հաստատությունների ներկայացուցիչներ եվրոպական երկրներից, ոլորտով շահագրգիռ այլ անձինք։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ողջունել է ծրագրի մեկնարկը Հայաստանում, նշելով որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանություն և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի  և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ մշակվող մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրումը անշուշտ հիմք կհանդիսանա ակվակուլտուրաների ու ձկնային տնտեսության կառավարիչների պատրաստմանը.
«Ծրագրի միջոցով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կծառայեն Հայաստանում գործող, ինչպես նաև ապագայում ստեղծվելիք ակվակուլտուրաների և ձկնային տնտեսությունների կողմից գիտականորեն հիմնավորված գործունեությանը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ինչի արդյունքում կնվազի ակվակուլտուրաների և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,-նշել է նախարարի տեղակալը։
Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ Հայաստանում և Ուկրաինայում ստեղծելով և զարգացնելով ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական կրթական ծրագրեր, որոնք համարժեք կլինեն եվրոպական առաջատար նմանատիպ ծրագրերին, ուղղված կլինեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը: 
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից։
Ծրագրի արդյունավետ իրակնացման նպատակով համագործակցության պայմանագիր է կնքվել ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև։