ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.08.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել է մի շարք պաշտոնատար անձանց

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իհաբ Նասրին, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Դիսուկիին, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության փոխդեսպան Մոհամեդ Սալահին և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության կցորդ Մկրտիչ Կարապետյանին։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։
Հանդիպման քննարկման թեման էր 2022 թվականի նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության շրջանակում հնարավոր համագործակցությունը։
Եգիպտոսի կառավարությունը՝ որպես նախագահող կողմ սույն թվականի նոյեմբերի 6-18-ը Շարմ Էլ-Շեյխ քաղաքում կընդունի Կողմերի 27-րդ համաժողովը։ Եգիպտոսի կառավարությունը Կողմերի 27-րդ համաժողովի անցկացման արդյունքում միտված է նպաստել կլիմայի փոփոխությանը վերաբերող 4 թիրախային ուղղություններում խնդիրների լուծմանը՝
- Մեղմում 
- Հարմարվողականություն 
- Ֆինանսավորում 
- Համագործակցություն 
Բանակցություններից զատ, Եգիպտոսի նախագահությունը սահմանել է մի շարք թեմաներ, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի լայն շրջանակին և հավակնությունների բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել օրակարգը, որով Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ներկայանալ կլիմայի համաժողովին և քննարկել այդ օրակարգի շրջանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ուղղությունները։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը գործընկերներին է նվիրել ՀՀ բուսական և կենդանական աշխարհի կարմիր գիրք՝ հույս հայտնելով, որ այս  հանդիպումը նոր լիցք կհաղորդի շրջակա միջավայրի բնագավառում երկու  երկրների փոխգործակցության առավել խորացմանը: