ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.10.2022
Տեղի է ունեցել Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը

Հոկտեմբերի 19-20-ը Ավստիայի մայրաքաղաք Վիեննայում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Տնտեսական և բնապահպանական հարցերով համակարգողի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը:
Օրակարգում՝ կենտրոնների գրանցած հաջողությունները, լավագույն փորձը, կենտրոնների գործունեության նոր՝ 2022-2027 ռազմավարական ծրագիրն ու ֆոնդահայթայթման գործիքները:
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակվելուց ի վեր կենտրոնների գործունեության շարունակականության ապահովման առումով ծագած հարցերը, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների դրական դիրքորոշումը կենտրոնների գործունեության վերաբերյալ: 
Նա տեղեկացրել է, որ կենտրոնների իրավական կարգավիճակի որոշման համար ուսումնասիրվել են ԵԱՀԿ առաջարկությունները, քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ կլինի կենտրոնների հնարավոր վերագործարկման աշխատանքներին: 
Վիեննայում կայացած հանդիպմանը կարևորվել է բնապահպանական ժողովրդավարության զարգացման ուղղությամբ կենտրոնների կատարած ու շարունակական աշխատանքը: 
Շեշտադրվել են Օրհուս կենտրոնների երեք հիմնական առանձնահատկությունները. 
-Միջազգային և ազգային բնապահպանական օրենսդրության ու լավագույն փորձի շտեմարան,
- Կամուրջ կառավարության ու հանրության միջև,
- Միջազգայնորեն ճանաչված և ընդունված ձևաչափ:
ԵԱՀԿ գրասենյակը շարունակում է մնալ կենտրոնների գլխավոր ջատագովը, սակայն անհրաժեշտ է փնտրել ֆինանսավորման նոր աղբյուրներ ու ներդնել կենտրոնների առօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ նոր մեխանիզմներ: 
ԵԱՀԿ աջակցությունն առավելապես կուղղվի կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը, ռազմավարական փաստաթղթերի մշակմանն ու տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը: 
Հիշեցնենք, որ առաջին Օրհուս կենտրոնը բացվել է 2002 թվականին, Երևանում՝ ՀՀ կառավարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև համագործակցությամբ՝ աջակցելու կառավարությանը իրականացնելու Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները և տեղեկացնելու հանրությանը կոնվենցիայով իրենց տրված իրավունքների ու դրանց իրացման ձևերի մասին: