ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.02.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն առցանց հանդիպում է անցկացրել Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի համակարող խմբի հետ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն առցանց հանդիպում է անցկացրել Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի համակարող խմբի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ղեկավար Ֆրանկ Մյորշլը, ծրագրերի բաժնի ղեկավար Թոմաս Էյզենբախը և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։
Քննարկվել են երկկողմ ձևաչափում համատեղ ծրագրերի ընթացքը և դրանց ընդլայնմանն ու երկարաձգմանը վերաբերող հարցերը։
Նախարար Հակոբ Սիմիդյանն իր երախտագիտությունն է հայտնել ներդրված ջանքերի և շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցության համար, նախարարը վերահաստատել է Շրջակա միջավայրի նախարարության պատրաստակամությունը շարունակական համագործակցության համար՝ համատեղ ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2015 թվականից KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագրին, որը միտված է Սյունիքի մարզի թվով 7 բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև վերոհիշյալ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու 32 համայնքների սոցիալ տնտեսական վիճակի բարելավմանը։
Նախանշված գործողությունները ավարտին հասցնելու նպատակով ծրագիրն երկարաձգվել է 18 ամսով։
Քննարկվել է նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը, որով կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի։ Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23,208,483.13 եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով: 
Ի լրումն Հայաստանի Հանրապետության և KfW-ի միջև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային համաձայնագրի՝ 2021թ հուլիսին ստորագրվել է 3 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպում-քննարկումները և գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ ստորագրված պայմանագրերից բխող պարտականությունների լիարժեք իրականացմանը։