ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.04.2023
Արամ Մեյմարյանը և Ոսկեհատ Գրիգորյանը Հնդկաստանի Միսուրու քաղաքում մասնակցել են «Վագրի նախագիծը» 50-ամյակին և «Մեծ կատուների միջազգային համագործակցություն» ալիանսի մեկնարկին նվիրված միջոցառումներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ապրիլի 9-ից 10-ը Հնդկաստանի Միսուրու քաղաքում մասնակցել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ կայացած «Վագրի նախագիծը» (Project Tiger) 50-ամյակին և «Մեծ կատուների միջազգային համագործակցություն» (կատվազգի` վագր, ընձառյուծ, լուսան, առյուծ և այլն) ալիանսի մեկնարկին նվիրված միջոցառումներին։
«Վագրի նախագիծը» մեկնարկել է դեռևս 1973 թվականին և վագրերի պահպանությանն ուղղված ամենամասշտաբային նախաձեռնություններից է, որը հետևողական գործողությունների ու ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարողացել է օգնել աշխարհում վագրերի թվաքանակի պահպանմանը և վերականգնմանը։ 
Աշխարհի տարբեր երկրներից Հնդաստան ժամանած բնապահպանության ոլորտի ներկայացուցիչ պաշտոնատար անձինք, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երկօրյա համաժողովի ընթացքում քննարկել են աշխարհում մեծ կատուների նվազող պոպուլյացիայի պահպանությանն ուղղված ջանքերի միավորման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորութունները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել ելույթով և խոսել մեր երկրի հարուստ կենսաբազմազանության և 2002 թվականին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Բնության համշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստանը) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում ընձառյուծի պահպանություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ավելացնել ընձառյուծի պոպուլյացիայի թիվը Հայաստանում՝ պաշտպանելով նրա ապրելավայրերը,  ուժեղացնել բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանությունը, որոնք հանդիսանում են ընձառյուծի բնակության բնական միջավայրեր, ինչպիսիք են «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Արևիք» ազգային պարկը: Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ապօրինի գործողությունները պահպանվող տարածքներից դուրս, ստեղծել փոխհատուցման մեխանիզմներ՝ մեղմելու մարդկանց և ընձառյուծի միջև հակամարտությունը։ 
Արամ Մեյմարյանը ներկայացրել է ծրագրի հաջողություններն ու ձեռքբերումները, կարևորել մեծ կատուների դերն ու նշանակությունը առողջ էկոհամակարգեր ունենալու գործում։ Եզրափակելով իր ելույթը՝ նա ևս մեկ անգամ կարևորել է կենսաբազմազանության պահպանման նպատակով ջանքերի միավորման անհրաժեշտությունը։ 
«Հայաստանում ընձառյուծի պահպանման ծրագիրը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես մարդիկ կարող են աշխատել մեր մոլորակի կենսաբազմազանությունը պաշտպանելու և վերականգնելու համար: Պաշտպանելով առանցքային տեսակներին, ինչպիսիք են ընձառյուծը և այլ մեծ կատուները` մենք ապահովում ենք էկոհամակարգի առողջությունն ու հավասարակշռությունը, ինչը կարևոր է այլ տեսակների գոյատևման համար»,-նշել է Արամ Մեյմարյանը։
Համաժողովի շրջանակներում դաշտային այցելությունների ընթացքում հնարավորություն է ընձեռնվել մասնակից երկրների պատվիրակություններին ծանոթանալու Հանդկաստանի հարուստ կենսաբազմազանությանը, ինչպես նաև պահպանությունն իրականացնող կառույցների կառավարման համակարգին և գործունեությանը։
Համաժողովի ընթացքում գործարկվել  է «Մեծ կատուների միջազգային դաշինքը» (IBCA), որը կենտրոնանալու է աշխարհի յոթ խոշոր կատուների պաշտպանության և պահպանման վրա։ Դաշինքնին անդամակցությունը բաց է լինելու այն երկրների համար, որոնք հանդիսանում են այս տեսակների բնական ապրելամիջավայր և այլ շահագրգիռ երկրների, միջազգային կազմակերպությունները, բնապահպանական գործընկերների, գիտական կազմակերպությունների և բիզնեսների համար, որոնք պատրաստ են նպաստել IBCA-ի նպատակներին և գործունեությանը: