ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.05.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել ընդունելություն

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ողջունելով հյուրերին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Սիմիդյանը ևս մեկ անգամ անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական համագործակցությանը և մասնավորապես Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Շրջակա միջավայրի նախարարության երկարամյա արդյունավետ փոխգործակցությանը։
Նախարարն ամփոփել է նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրական գնահատել առաջընթացը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկին (KfW)՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի համար կարևոր այս ծրագրի համար։Մեր ծրագրերն ավելի դինամիկ պետք է դարձնել, դրա համար առկա են բոլոր պայմանները և ձևավորված են համագործակցային հարաբերություններ։ Հուսամ ծրագիրը կծառայի իր նպատակին և մոտ ապագայում մենք ունենանք տեսանելի արդյունքներ»,-նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով: Առաջիկայում սպասվում է պայմանագրի ստորագրում, որն էլ հիմք կծառայի ծրագրի մեկնարկին։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով հանդիսանում է ծրագրի համակարգողը, ներկայացրել է պայմանագրի ստորագրման ընթացիկ աշխատանքները։
Նախարար Հակոբ Սիմիդյանը առանձնացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա պետք է կենտրոնանալ մեկնարկից հետո, մասնավորապես՝ Բուսական և կենդանական աշխարհի հաշվառման բաղադրիչը։ Նախարարը նշել է, որ իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումներն արդյունավետ կյանքի կոչելու համար նախարարությունը խիստ կարիք ունի ճշգրիտ տվյալների։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ծրագրերն առաջ մղելու և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը նպաստելու պատրաստակամությունը։