ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և պառլամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են  «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող  Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և պառլամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը։
«Թվինինգ» ծրագիրը ԵՄ-ի կողմից լավ փորձարկված գործիք է, որի միջոցով աջակցություն է տրամադրվում միմյանց հետ համագործակցող կառավարությունների գերատեսչություններին։
Ծրագիրը միտված է կենսաբազմազանության պահպանությանը և համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին։
Ողջունելով գործընկերներին Հայաստանում և Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բարձր է գնահատել չեխ գործընկերների անհատական ջանքը Հայաստանում շրջակա միջավայրի և մասնավորապես՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կարևոր գործում։
Պատվիրակության այցի նպատակն է աջակցել բնության և կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ նոր օրենսդրության մշակման հարցում, աջակցել բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում ինստիտուցիոնալ զարգացման ու կառավարման հարցում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը ներկայացնել ՀՀ ԱԺ համապատասխան գործընկերներին։
Վերոնշյալ փոփոխությունները կարևոր նախապայման են Հայաստանի և մասնավորպես գյուղական բնակավայրեր կայուն զարգացման համար։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հավաստիացրել է,որ Շրջակա միջավայրի նախարարությունը կանի հնարավորը՝ աջակցելու գործընկերների որդեգրած «կանաչ» և կայուն սկզբունքների խթանմանը։
Պատվիրակության օրակարգում են նաև առանձին հանդիպումներ և Չեխիայի փորձի ներկայացումը բնական ժառանգության պահպանության ոլորտում՝ եվրոպական ստանդարատնրին համապատասխան։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև կանաչ գործարքի և կանաչ վերականգնման շրջանակներում հնարավոր համագործակցության  հեռանկարները։