ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կարմինա Խիմենեսին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» խորագրով ազգային ծրագրի իրականացումը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարի իրավախորհրդատու,  ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին», ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին», ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» (Մինամատա, 2013թ.) կոնվենցիաների ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը։
Ողջունելով տիկին Խիմենեսին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհակալություն հայտնել այցելության համար.
«Ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի  կոնվենցիան և 2018 թվականին դարձել այս համաձայնագրի կողմ, որով մեր երկիրն իր վրա պարտավորություններ է վերցրել մշտադիտարկել  սնդիկը և սնդիկի միացությունները շրջակա միջավայրի օբյեկտներում, իրականացնել սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում։ Այս փուլում կոնվենցիայով մեր պարտավորությունների շրջանակում իրականացնում ենք օրենսդրական փոփոխություններ, և առհասարակ, մենք աշխատում ենք մեր օրենսդրության մոտարկման ուղղությամբ»,-նշել է նախարարը։
Նախարարը նաև անդրադարձել է ԱԷՄԳ-ի կողմից հաստատված 2022-2024 թթ. իրականացվելիք ծրագրին, որի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը սնդիկ որոշելու համար կտրամադրվի սնդիկի անալիզատոր, մեթիլսնդիկի անալիզի և նմուշներ հավաքելու սարքավորումներ։Սնդիկի անալիզատորը նախատեսված է տրամադրել  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին։
«Շնորհակալ եմ նման աջակցության համար, այն կբարելավի սնդիկի մշտադիտարկումներ իրականացնելու մեր կարողությունները, քանզի ներկայումս շրջակա միջավայրում սնդիկի մոնիթորինգի, սնդիկով առավել աղտոտված վայրերի հայտնաբերման ներուժը, տեխնոլոգիաները և սարքավորումները բավարար չեն լիարժեք արդյունք ապահովելու համար։ Շրջակա միջավայրի ճշգրիտ մոնիթորինգ իրականացնելու տեսանկյունից մենք, առհասարակ, կարիք ունենք կարողությունների հզորացման և վերազինման»,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ համագործակցության ընդլայնման և տեխնիկական աջակցության շրջանակում հնարավոր կլինի Հայաստանին տրամադրել նաև  սնդիկ պարունակող թափոնների մշակման, ինչպես նաև սնդիկ պարունակող  թափոնների վնասազերծման և վերամշակման համար նախատեսված սարքավորումներ։
Տիկին Խիմենեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վստահեցրել, որ եթե ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության ներքո, դրանք առավել արդյունավետ իրականացվելու  հնարավորություն ունեն։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները նախարարի ոլորտն համակարգող տեղակալի և մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել բոլոր այն ծրագրերի անխափան ու արդյունավետ ընթացքին, որոնք միտված են ապահովել շրջակա միջավայրի կայուն կառավարումն ու պահպանությունը։