ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2022
Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խրախուսման մեխանիզմների կիրառման ներուժի գնահատման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով

Կայացավ Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խրախուսման մեխանիզմների կիրառման ներուժի գնահատման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողովը: Գնահատումն իրականացվել է «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ի կողմից՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ և «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրերի համատեղ աջակցությամբ՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խնդրանքի, որը միտված է ապահովելու ջրային օրենսգրքի կիրարկումը։
Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման անհրաժեշտությունն ամրագրված է ջրային օրենսգրքով: Արդյունաբերության, կենցաղային և օգտագործման այլ տեսակների կողմից ջրի աղտոտվածության աճով, ջրի օգտագործման պահանջարկի ավելացմամբ, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների առկա և կանխատեսվող նվազմամբ պայմանավորված՝ երկրորդային ջրօգտագործումը դառնում է անհրաժեշտ և արդիական, հատկապես՝ Արարատյան դաշտում ոռոգման կարիքները բավարարելու և Սևանա լճի ու տնտեսության տարբեր ճյուղերի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով։
Հայաստանում կլիմայի ապագա կանխատեսումները ցույց են տալիս ջերմաստիճանի շարունակական բարձրացում և տեղումների նվազում հանրապետության գրեթե ամբողջ տարածքում: Ջրային ռեսուրսների կայուն կառավարումը և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների, այդ թվում՝ ջրի երկրորդային օգտագործման լուծումների կիրառումն անհրաժեշտ նախապայման են ջրային ռեսուրսների սակավության մարտահարավերը հաղթահարելու համար:
Իրականացված ուսումնասիրությունը ներկայացնում է ոլորտում առկա բացերը և բնապահպանական կամ ջրառի վճարների և տնտեսական մեխանիզմների բարելավման, ինչպես նաև կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման ֆինանսական խթաններ սահմանելու հնարավոր բարեփոխումների տարբերակները: Ուսումնասիրությունը ներառում է նաև Հայաստանում և միջազգային մակարդակում վերջին զարգացումները՝ շեշտադրելով գործող քաղաքականությունների բացերը, իրավական և ինստիտուցիոնալ թերությունները, տնտեսական խոչընդոտները և Հայաստանում ջրի կրկնակի (երկրորդային) օգտագործման գործընթացի կազմակերպման հարցում առկա դժվարություններն ու ռիսկերը:
Իր խոսքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդգծեց երկրորդային ջրօգտագործման կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով վերջերս փոփոխված և հաստատված ՀՀ ջրային օրենսգիրքը, որտեղ ամրագրված է կրկնակի ջրօգտագործումը։ Նա շեշտեց, որ թարմացված օրենսգիրքը Հայաստանը պետք է բերի նոր որակի ջրօգտագործման հարթակ, քանի որ երկրորդային ջրօգտագործումը կարևոր է ինչպես ֆինանսական, այնպես էլ տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից։ 
EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շեշտեց ուսումնասիրության կարևորությունը ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար, ինչն իր ազդեցությունը կունենա նաև Սևանա լճի հիմնախնդիրների հաղթահարման տեսանկյոնից։ Նա նաև շեշտեց, որ «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ն գնահատման ընթացքում սերտորեն համագործակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների և այլ շագարգիռ կողմերի հետ՝ ապահովելու համար փաստաթղթի համապատասխանությունը վեր հանված կարիքներին։
Աշխատաժողովն ավարտվեց այն փոխըմբռնմամբ, որ մշակվել է շատ կիրառելի նյութ, որը հիմք կհանդիսանա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համար՝ Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խթանման ուղղությամբ համապատասխան քաղաքականության և օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինասավորմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման  առաջխաղացման համար» ծրագիրը համակարգվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից: