ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2022
Չեխ փորձագետները ներկայացրել են բնապահպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ

«Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում մարտի 22-25 ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում տեղի ունեցավ բնության պահպանության ոլորտում ԵՄ հրահանգների մոտարկման վերաբերյալ թվով չորս սեմինար։ Անցյալ տարի ՀՀ-ն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որն ուժի մեջ է մտել 2021թ.-ի մայիսին։ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված սույն համաձայնագրի հիման վրա՝ ՀՀ իրավական համակարգը պետք է մոտարկվի Թռչունների և միջավայրերի պահպանության վերաբերյալ ԵՄ հրահանգներին։ 
ՀՀ-ում գործում են «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքները, ինչպես նաև համապատասխան որոշումներ, հրամաններ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք ուղղված են կենսաբազմազանության պաշտպանությանը։ Թռչունների և միջավայրերի պահպանության վերաբերյալ ԵՄ հրահանգներին մոտարկման գործընթացը կպահանջի ՀՀ օրենսդրության որոշակի փոփոխություններ, ինչպես նաև գործող հաստատությունների կարողությունների փոփոխություններ։ Չեխ փորձագետներն առաջարկում են այն տեսակների ու միջավայրերի պաշտպանություն, որոնք ներառված են Բեռնի կոնվենցիայում, որը ստորագրել է նաև Հայաստանը և ուստի ստաձնել Կոնվենցիայում թվարկված տեսակների ու միջավայրերի պաշտպանության պարտավորություն։
«Եվրոպական միությունը Թռչունների և միջավայրերի վերաբերյալ հրահանգները մշակել է  որպես միասնական մոտեցում՝ ԵՄ անդամ պետություններում Բեռնի կոնվենցիայի պահանջները կատարելու նպատակով։ Հայաստանը Բեռնի կոնվենցիան ընդունել է 2008թ-ին և արդեն իսկ քայլեր է ձեռնարկել Հայաստանում առավել ուժեղ պաշտպանության կարիք ունեցող արժեքավոր տարածքներ սահմանելու հարցում։ Սա նաև ելակետ կարող է հանդիսանալ ԵՄ հրահանգներին մոտարկման համար» - իր խոսքում նշել է Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչ, «Թվինինգ» ծրագրի ղեկավար պրն Դավիդ Լացինան։
Չեխ փորձագետները նաև ներկայացրել են որսի ենթակա կենդանատեսակների՝ հատկապես թռչնատեսակների ցանկի հստակեցման, ինչպես նաև Բեռնի կոնվենցիայում ներկայացված բոլոր տեսակների համար Կարմիր գրքում ներառված տեսակներին համարժեք ուժեղ պաշտպանությամբ ապահովելու անհրաժեշտությունը։ Դրանից բացի, պետք է պաշտպանել Բեռնի կոնվենցիայով սահմանված տեսակների և միջավայրերի համար կարևոր լրացուցիչ տարածքներ՝ դրանց կենսունակությունն ապահովելու նպատակով։
Չնայած տեսակների և միջավայրերի մշտադիտարկումն իրականացվում է տարբեր գիտական հաստատությունների և ՀԿ-ներ կողմից, մեթոդաբանության սահմանումն ու հավաքագրվող տվյալների մեկնաբանումը պետք է իրականացվի Կառավարության որևէ մարմնի կողմից։ Տվյալների մշտադիտարկման համակարգը պետք է բաց, թափանցիկ և հասանելի լինի լայն հանրության համար՝ հետևելով տվյալների կառավարման նմանատիպ միտումներին Եվրոպայում և այլուր։
Վերոնշյալ սեմինարները կազմակերպվել են «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում՝ Չեխիայից, Ֆինլանդիայից և Հայաստանից կազմված կոնսորցիումի կողմից։ Ծրագրի առաջնային նպատակը Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված օրենսդրության հզորացումն է։
«Թվինինգ» ծրագիրը ԵՄ-ի կողմից լավ փորձարկված գործիք է, որի միջոցով աջակցություն է տրամադրվում միմյանց հետ համագործակցող կառավարությունների գերատեսչություններին։