ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2024
Հայաստանում է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով  Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD)  Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին: 
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում:  Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը:
Նախարար Հակոբ Սիմիդյանը և Ալիան Ռիչարդ Դոնվահին երկկողմ հանդիպում են ունեցել նաև ԱՄԷ-ում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP28) շրջանակում:
Ողջունելով գործընկերներին, նախարարն փաստել  է, որ կողմերի միջև առկա են  արդյունավետ և ամուր գործընկերային հարաբերություններ:
Քննարկվել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածությունը և որոշում է կայացվել այդ ուղղությամբ առավել գործուն քայլեր ձեռնարկել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ համագործակցել ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության  մասին» և  «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաների շրջանակում:
Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։
Անդրադարձ է կատարվել անտառտնկման ոլորտի թվայնացմանը և այդ ոլորտում փորձի փոխանակմանը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, փոխայցերը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։