ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2023
Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր

1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը: 
Երևանի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել օրվան նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Գայանե Գաբրիելյանը, Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը, նախարարության  և ենթակա կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողներ և լրագրողներ։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա առթիվ՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է ջրաճահճային խոնավ տարածքների կարևորության մասին՝ մասնավորապես անդրադառնալով դրանց սպառնացող վտանգներին.
«Ջրաճահճային տարածքները, որպես մոլորակի կարևորագույն էկոհամակարգերից մեկը, որպես բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրեր, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության վայր, մաքրում են ջրային ռեսուրսները աղտոտվածությունից և հանդիսանում են ածխածնի կարևոր պահեստներ:
Այնուամենայնիվ, դրանք նաև վայրի բնության ամենաանպաշտպան և մարդու գործունեությունից տուժող վայրերն են Երկրի վրա»,-նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ  չափազանց կարևոր է ճանաչել Հայաստանի ջրաճահճային տարածքները, գիտակցել դրանց կարևորությունը և քայլեր իրականացնել դրանց պահպանության ուղղությամբ։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում նույնպես կարևորել է էկոկրթական բաղադրիչը և հանրության իրազեկման ուղղութամբ իրականացվող նմանատիպ միջոցառումները։ Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ իրազեկման բարձրացմանն ուղղված հանդիպումները նաև խթան են ոլորտի քաղաքականություն մշակող մասնագետների համար՝ առավել ճշգրիտ ու հասցեական մշակել ծրագրերը։
Զեկույցով հանդես է եկել Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը և ներկայացրել՝ ինչ է նշանակում խոնավ տարածք և ինչով են դրանք կարևոր և գրավիչ մեր և միջազգային հանրության համար, ինչպես նաև անդրադարձել է, թե  ինչ միջոցառումներ են ձեռնարկվում դրանց պահպանության համար:
Միջոցառումն ամփոփվել է հարցուպատասխանով։