ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.08.2021
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները

Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը և այլն) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով հատուկ գրություններ են ուղարկվել Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրանքով ներկայացնել տեղեկատվություն «Ձկնաբուծություն», «Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում», «Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն», «Մսի մշակում և պահածոյացում», «Ընտանի թռչունների մսի մշակում և պահածոյացում», «Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում» և «Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն» տնտեսական գործունեության դասակարգման տեսակին համապատասխան Արարատի և Արմավիրի մարզերում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։ Մեկ այլ գրություն է ուղարկվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ խնդրանքով էկոլոգիական աղետի կանխարգելման նպատակով իրականացնել ուսումնասիրություններ Մասիսի քաղաքային աղբավայրում թափոնների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նորմերի պահպանման ուղղությամբ։
 Հիշեցնենք, որ թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարի Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։Գրություններ են ուղարկվել մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի և Արարատի մարզպետարաններ,  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և մի շարք միջազգային կազմակերպությունների։
 Հիշեցնենք նաև, որ օրեր  առաջ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ վերոգրյալ խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել։Բոլոր բարձրաձայնված մտահոգությունները հաշվի են առնվել և դրանք լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։
Լուսանկարը՝ Berta Photography