ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2012
Նախարար Արամ Հարությունյանը մասնակցել է «Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում մոնիթորինգ և վերլուծություն՝ դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» եզրափակիչ խորհրդակցությանը

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր մասնակցել է «Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում մոնիթորինգ և վերլուծություն՝ դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» եզրափակիչ խորհրդակցության: Նախարարը կարևորելով Հայաստան ՆԱՏՕ համագործակցությունը մասնավորապես նշել է,-«Այս ծրագիրը հետաքրքիր և առանձնահատուկ էր նրանով, որ մի կողմից ապահովեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, իսկ մյուս կողմից նպաստեց ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի և «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այսինքն` առաջին անգամ փորձ արվեց երկրում ծառացած խնդիրները լուծել միջազգային կոնվենցիաների քարտուղարությունների և Հյուսիսատլանտյան Դաշինքի համատեղ աջակցության շնորհիվ: Ծրագրում նախանշված հիմնախնդիրներն արդիական են և պահանջում են հրատապ լուծում: Ծրագրով նախատեսված էր շրջակա միջավայրի օբյեկտներում և կենսամիջավայրում կայուն օրգանական աղտոտիչների պարունակության անալիտիկ հետազոտությունների և փաստացի մակարդակների ուսումնասիրման նպատակով ստեղծել անալիտիկ լաբորատորիա, որի համալրման համար ՆԱՏՕ-ի կողմից տրամադրվել է գազային քրոմատագրիչ: Շնորհակալություն եմ հայտնում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը, այդ լաբորատորիայի համալրման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու և 17 անուն անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու համար: Անալիտիկ լաբորատորիայի համալրման և համապատասխան կահավորանքով զինման նպատակով աջակցել է նաև ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությունը (UNIDO), որը տրամադրել է անալիզարար` տրանսֆորմատորային յուղերում և հողում պոլիքլորացված բիֆենիլներ որոշելու համար: Վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է քիմիական նյութերի արտադրությունը, առևտուրն ու կիրառումը: Քիմիական նյութերի օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություններ, սակայն այդ նյութերի ոչ ճիշտ կիրառումը դրանց գործածության ցանկացած փուլում կարող է մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ներգործության պատճառ ‎դառնալ, ինչն էլ հանգեցնում է քիմիական նյութերի ազդեցությամբ պայմանավորված ռիսկի գնահատման անհրաժեշտության: Լաբորատոր հետազոտությունների միջոցով թունավոր նյութերի մոնիթորինգը թույլ է տալիս հսկողության տակ պահել այդ նյութերի պարունակությունը շրջակա միջավայրի օբյեկտներում և կենսանյութերում, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել այդ նյութերի քանակությունների նվազեցման ուղղությամբ` դրանով իսկ կանխարգելելով դրանց վնասակար ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Այդ նպատակին հաջողությամբ հասնելու գրավականը ժամանակակից ճշգրիտ սարքավորումներով համալրված անալիտիկ լաբորատորիայի առկայությունն է: Հարկ եմ համարում նշել, որ «Գիտություն հանուն խաղաղության» գործընթացի շրջանակներում մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, այդ իսկ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է նոր ծրագրային առաջարկ ներկայացնել «Գիտություն հանուն խաղաղության» գործընթացի կոմիտեի քննարկմանը, այն է՝ «Թափոնակուտակիչների բնապահպանական կարգավորումը` դիօքսինների և ֆուրանների արտանետումների կանխարգելման նպատակով», որն ամրագրված է 2011-2013թթ. Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրում:» Նախարար Հարությունյանը կարևորել է նաև այն փաստը, որ ծրագրի իրականացումից հետո պահպանվեն այն մեթոդներն ու փորձը, որոնք կիարռվել են հայ փորձագետներին վերապատրաստրաստման արդյունքում: Ծրագրի իրականացումը հայ մասնագետներին հնարավորություն է տալու հայ մասնագետներին ձեռք բերել անհրաժեշտ հմտութություններ՝ նմուշների պատրաստման սարքերի վրա հետազոտությունների իրականացման, արդյունքների գնահատման պեստիցիդների և դրանց պատրաստուկների անվտանգ գործածության և վերջապես ճշգրիտ հաշվետվություն ներկայացնելու համար: