Կայքը վերաթողարկման փուլում է

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԴԵՄԻԿ ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ԳԼՈԲԱԼ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՍԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ <<ՍԵՎԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10-10-2017

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը տեսակների պահպանության Մուհամեդ բին Զաեդ հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով  2016թ. նոյեմբեր ամսից սկսել է իրականացնել Սևանի իշխանի պահպանությանը և վերականգնմանը ուղղված ծրագիրը, որը նպատակ ունի գնահատելու  Սևանի իշխանի ներկա պահպանական կարգավիճակը, տեսակի պահպանության և պոպուլյացիայի վերականգնման հետ կապված խնդիրները և անելիքները՝  հետագայում տեսակի պահպանությունը ավելի արդյունավետ կազմակերպելու և նրա անհետացումը կանխելու համար։ Ծրագրի իրականացման ընթացքում <<Սևան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ը իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն Սևանա լճի ափամերձ տարածքներում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին իրազեկելու Սևանի իշխանի պահպանության հետ կապված խնդիրներին և նրանց ներգրավելու պահպանության աշխատանքներում։ Հանդիպումներ են տեղի ունեցել ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների, ինչպես նաև տեղական խնքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և բնապահպանական ակտիվիստների հետ, որոնց հետ տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, կարևորելով նրանց դերը Սևանա լճի բնական պաշարների՝ մասնավորապես իշխանի պահպանության գործում։ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվել են նաև սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվել են իշխանի գոյություն ունեցող և նոր պահպանական գոտիներ տեղաբաշխվածության հարցերը։
Ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, իշխանի պոպուլյացիան ներկա աղետալի վիճակին է հասել ոչ միայն Սևանա լճի մակարդակի իջնելու, այլ նաև Սևանա լճում չկանոնակարգված ձկնորսության հետևանքով։ Այդ պատճառով <<Սևան>>  ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից մշակվել և պատկան մարմիններին է ներկայացվել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայեցակարգը, որի կիրառումը կապահովի ինչպես իշխանի, այնպես էլ Սևանա լճի մյուս ձկնատեսակների արդյունավետ պահպանությունը։ Մշակվել է նաև <<Սևան>> ազգային պարկը կենսոլորտային արգելավայրի վերածելու հայեցակարգ, որով կսահմանվեն իշխանի պահպանական նոր գոտիներ և կկանոնակարգվի թույլատրվող տնտեսական գործունեությունների տեսակները Սևանա լճի ափամերձ գոտիներում։ 
2017թ. լճի մակարդակի աննախադեպ բարձրացման արդյունքում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին ամառային իշխանի նոր ձվադրավայրերի ձևավորման համար։ Ինչպես հայտնի է լճում դեռևս գոյություն ունեցող ամառային իշխանը ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, և այդ պտճառով ամառային իշխանի բազմացմանը նպաստեց նաև մայիս ամսից մինչև օգոստոս ամիսը Սևանա լճում խեցգետնի որսի արգելքի սահմանումը, որի ընթացքում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով իրականացվեց խիստ հսկողություն լճում ապօրինի որսը կանխելու և իշխանի պոպուլյացիան պահպանելու ուղղությամբ։
    Ծրագրի ավարտից հետո <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը  Սևանի իշխանի 2 ենթատեսակները կգրանցի բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) ցանկում:
 

<
>