Մեկնարկում է «ԼԻՆԵ՛ՆՔ ԻՐԱԶԵԿ, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ» կրթական միջոցառումների նոր շարքը

06-04-2021

Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկում է «ԼԻՆԵ՛ՆՔ ԻՐԱԶԵԿ, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ» կրթական միջոցառումների շարքը, որը հնարավորություն կընձեռնի մարզերի և Երևանի դպրոցների աշակերտներին մանրամասն ծանոթանալու օզոնային շերտի քայքայման բնապահապանական խնդրին և իրենց անմիջական դերակատարությունն ունենալ օզոնային շերտի վերականգնման գործում։
Միջոցառումների նպատակն է մարզերի և Երևանի դպրոցների 7-11-րդ դասարանների աշակերտների շրջանում բարձրացնել օզոնային շերտի քայքայման վերաբերյալ իմացության մակարդակը, զինել տեղեկատվությամբ ու հմտություններով և խրախուսել երիտասարդների ներգրավվածությունն այս գլոբալ բնապահպանական մարտահրավերի լուծման հարցում:
Կրթական միջոցառումների շարքը տեղի կունենա երկու փուլով՝

  • հեռավար դասընթացների իրականացում՝ նվիրված օզոնային շերտի քայքայմանն ու պահպանմանը (ապրիլ-մայիս, 2021թ.),
  • «Կյանքն առանց օզոնային շերտի» տեսաֆիլմերի մրցույթի իրականացում և ամառային ճամբարի կազմակերպում (հունիս-հուլիս, 2021թ.)։

Դասընթացները կիրականացվեն հեռավար տարբերակով՝ զում վեբինարների կազմակերպմամբ, իսկ մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած աշակերտների և իրենց մանկավարժների համար կկազմակերպվի ամառային ճամբար։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտադիմումը և մինչ ապրիլի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ armozon@gmail.com։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 532 հեռախոսահամարով:
Հայտադիմում՝  https://cutt.ly/ucUSyO0 

<
>