Կայքը վերաթողարկման փուլում է

Նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. համար նախատեսված 8 գերակա խնդրի և 6 միջոցառման կատարման ընթացքը

10-04-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. համար նախատեսված 8 գերակա խնդրի և 6 միջոցառման կատարման ընթացքը:

Անդրադառնալով Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ սահմանված գործողությունների իրականացմամբ այս տարի նախատեսվում է 1.6 մլրդ խմ օգտագործվող ստորերկրյա ջրերի ծավալը նվազեցնել 570 մլն խմ չափով, հասցնել մինչև 1.1 մլրդ խմ վերականգնվող պաշարին, որն այսօր փաստացի ամրագրված է օրենքով: Բայց թիրախն այդ ծավալը մինչև 800 մլն խմ իջեցնելն է՝ վերականգնումն ավելի առանցիկ տեմպերով իրականացնելու համար: Դա, նախարարի խոսքով, բերելու է նաև ձկնաբուծական տնտեսություններում և մյուս ոլորտներում ջրառաջարկի հայտերի վերանայմանն ու ջրօգտագործման թույլտվությունների փոփոխմանը:

Վարչապետը հետաքրքրվել է բնապահպանության ոլորտի ներդրումային ծրագրերի ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ այս պահի դրությամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացվել 25 նախագիծ, այդ թվում՝ Գառնու ճոպանուղու, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրերը։

Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ վերլուծել առաջին եռամսյակի համար նախատեսված գերակա խնդիրները, միջոցառումները, ներդրումային ծրագրերը: «Յուրաքանչյուր նախարարությունից, գերատեսչությունից սպասում ենք նաև 5 տարվա ծրագիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2017 թվականին, որպեսզի բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվեն, և նորմալ հիմք ստեղծենք 2018 թվականի համար», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստում տրված հանձնարարականներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաջորդ շաբաթվանից նախարարություններն ու գերատեսչությունները պետք է սկսեն հաշվետվություն ներկայացնել 6-ամսյա գործունեության վերաբերյալ:

<
>