ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոնի կառուցման համար առավել հարմար տարածքը դիտարկելու և համատեղ քննարկումներ իրականացնելու

26-11-2020

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները, «Ջրվեժ» անտառպարկի ղեկավար կազմը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների ներկայացուցիչների հետ այցելեցին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկ՝ դիտարկելու և համատեղ քննարկումների արդյունքում ընտրելու ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոնի կառուցման համար առավել հարմար տարածքը։
Նախագծի հեղինակները ներկայացրին ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնին առաջադրվող նախնական պահանջները և կոնցեպտը՝ նշելով, որ այս փուլում կարող է հնչեցվել ցանկացած, այդ թվում նաև՝ նոր տարածքի դիտարկման առաջարկ։
Շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ նախարարի տեղակալը ներկաներին վստահեցրեց, որ մանրամասն կքննարկվեն բոլոր առաջարկները և առաջիկայում ևս մեկ հանդիպում կկազմակերպվի՝ արդեն մասնագետների ավելի լայն շրջանակի հետ, կկատարվեն անհրաժեշտ բոլոր փոփոխությունները, որպեսզի կենտրոնը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին։ 
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու որակի ժամանակակից չափանիշներով տեղեկատվական - զբոսաշրջային կենտրոն հիմնել։ Առաջիկայում կհայտարարվի կենտրոնի նախագծման բաց մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն կունենան մրցույթի պահանջներին բավարարող բոլոր հնարավոր մասնակիցները։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալի նախաձեռնությամբ շրջայց կազմակերպվեց նաև անտառպարկի տարածքում։ Այստեղ ևս խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ․անտառպարկը պետք է լիարժեք ծառայի հարակից համայնքների բնակիչներին որպես ժամանցի գոտի։ Այս հարցում ևս նախարարությունն ակնկալում է հանրության շահագրգիռ հատվածի ակտիվ ներգրավվածություն։

<
>