Կայքը վերաթողարկման փուլում է

Հարաբերություններն աշխատանքային են․ կոնֆլիկտ չկա

04-10-2017

«Բնություն» շաբաթաթերթի հարցերին պատասխանում է բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը
 
-Պարոն Պեպանյան, «Ժողովուրդ» թերթը լուր հրապարակեց այն մասին, որ  բնապահպանության նախարարի և նորաստեղծ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հարաբերությունները լարված են։ Որքանո՞վ է այդ լուրը համապատասխանում իրականությանը
։ 

- Հարաբերությունները նորմալ են, աշխատանքային։ Վերջին անգամ նրանք հանդիպել են երեկ և հարաբերություններում  լարվածության որևէ նշույլ չի եղել։ Տեսչության պետի հետ ինքս էլ եմ զրուցել, ու եթե նախարարի հետ լարված հարաբերություն ունենար, ապա ինչպես էլ լիներ՝ քիչ-միչ էլ այդ լարվածությունից կփոխանցվեր նախարարի խորհրդականի հետ հարաբերությանը։ Մինչդեռ մենք շփվել ենք նախանձելի ջերմ։ 
  - Նշվում էր նաև, որ նախարարը դժգոհ է այդ մարմնում կադրային նշանակումներից և չի կարողանում պայքարել իր ենթակայության տակ գտնվող տեսչական մարմնի ղեկավարի դեմ։
- Դա անտեղյակության ծնունդ լեգենդաստեղծում է։ Նախ, ներկայում բնապահպանության նախարարը ս․թ․ օգոստոսի 20-ին ստեղծված  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կադրային նշանակումների հարցում գրեթե նույնքան  լիազորություն ունի, որքան, ասենք, «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիրը։ Տեսչական մարմինը չի ենթարկվում նախարարին և նախարարը, ի տխրություն այդ թերթի, «իրավիճակ վերահսկելու» լիազորություն չունի։ Եվ ապա՝ տեսչական մարմինը կառավարում է  վարչապետի կողմից հաստատված խորհուրդը, որի կազմում բնապահպանության նախարարությունն ունի ընդամենը մեկ ձայն։ Այդ նիստերի արձանագրությունները կարող եք նայել՝ այնտեղ տեսչության պետի կադրային նշանակումների հետ կապված որևէ դժգոհություն չի արձանագրվել։    Անտեղյակության ծնունդ նման կարգի մեկ այլ լեգենդաստեղծում էլ մեկ օր առաջ էր եղել։ Մամուլում տեսակետ էին շրջանառել, թե բնապահպանական պետական տեսչությունը լուծարվել է նախարար Արծվիկ Մինասյանի դիրքերը թուլացնելու նպատակով։ Հարցն այն է, որ  ՀՀ կառավարությունը  տեսչական  բարեփոխումների հայեցակարգը հաստատել է 2009 թվականին և ստեղծել տեսչական բարեփոխումների խումբ: Այսինքն, ըստ այդ լուրը շրջանառողի,  դեռ 2009-ին ոմանք իմացել են, որ Արծվիկ Մինասյանը 2016-ին նշանակվելու է բնապահպանության նախարար ու նախապես մտածել են, որ կարելի է տեսչություն լուծարելով՝ նրան թուլացնել։ Դեմ չէի լինի ինքս էլ այդ կարգի  հեռատեսությամբ օժտված լինելուն։

«Բնություն» 

<
>