Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելեց նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

15-08-2020

Հանդիպում և առարկայական քննարկում ծավալվեց ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Նախարարը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը և առկա խնդիրներին։
Արձանագրվեցին, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտություն։ 
Քննարկվեցին ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները։
Խոսելով կադրային քաղաքականությանից՝ նախարարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ հետհեղափոխական իրականության մեջ որևէ թափուր պաշտոնի մրցույթ կոնկրետ անձի համար չի հայտարարվում.  բոլոր թափուր հաստիքները պետք է զբաղեցնեն կոմպետենտ, բանիմաց ու գրագետ մասնագետներ, իսկ ստորին օղակի լավագույն մասնագետներն առաջխաղացման ու ինքնադրսևորման  հնարավորություն ստանան։
Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու քաղաքական կշռի բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում։ 
Ինչպես նախորդ կառույցներում հանդիպումների ժամանակ, այնպես էլ այսօր, նախարար Պետրոսյանը գործընկերներին հորդորեց հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել և ինստիտուցիոնալ ու աշխատանքային անձնական խողովակներով վեր հանել դրանք։
Կարճաժամկետ  տեսանելի ապագայում  գլխավոր անելիքն է այսրոպեական լուծում պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։
 Նախարարն համագործակցության կոչ արեց՝ ամենակրտսեր մասնագետից մինչև ստորաբաժանման ղեկավար, միասին լծվել ոլորտում բարեփոխումների իրականացմանը։ 
Շրջակա միջավայրի բոլոր ենթաոլորտներում օր առաջ պետք է խորքային բարեփոխումների  գործընթացներ մեկնարկեն։
 

<
>