Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում․ պատմում է մեդիան

10-07-2020

Օրեցօր ամբողջ աշխարհում մեծանում է կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա։ Այս համատեքստում կենսական նշանակություն են ստանում հարմարվողականության միջոցառումները, որոնք օգնում են մեղմել կամ կանխարգելել կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, ինչպես նաև գտնել լուծումներ կլիմայական նոր պայմաններում ապրելու և զարգանալու համար։
Հայաստանում ևս կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված մի շարք գործընթացներ են իրականացվում, որոնց արդյունավետության համար խիստ կարևոր է թեմայի վերաբերյալ մասնագիտական համայնքների և հանրության իրազեկության մակարդակի բարձրացումը։ 
«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հուլիսի 18-ին և 25-ին (յուրաքանչյուր օր առավելագույնը 2-ական ժամ տևողությամբ)  կանցկացվեն կարճաժամկետ սեմինար-քննարկումներ լրագրողների և մեդիաբովանդակություն ստեղծող անհատների, կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Ուշադրություն։ Հաշվի առնելով Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ սեմինար-քննարկումները կանցկացվեն առցանց տարբերակով։ 
Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպվող սեմինար-քննարկումները հրաշալի հնարավորություն են ինչպես բնապահպանական, այնպես էլ  ՀՀ հանրային նշանակության տարբեր ոլորտներ լուսաբանող լրագրողների և բովանդակություն ստեղծողների համար սեղմ ժամկետներում ծանոթանալու  տնտեսության և հասարակության վրա կլիմայի փոփոխության առկա և հնարավոր ազդեցություններին, իրականացնել դրանց կառավարմանն ուղղված պետական կառույցների գործունեության ուսումնասիրություններ և հանրային վերահսկողություն։

Մասնակիցները հնարավորություն կունենան

  • ստանալու կլիմայի փոփոխության և հարմարվողականության ոլորտում աշխարհում և հատկապես Հայաստանում իրականացվող գործընթացների մասին ամփոփ և մատչելի տեղեկություն, 
  • ստանալու կոնկրետ և չափելի տեղեկություններ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ կլիմայի փոփոխությունը ՀՀ հանրային նշանակության տարբեր ոլորտների վրա,
  • ստանալու կլիմայի փոփոխությանն առնչվող տարբեր ոլորտների փորձագետների հետ անմիջական շփման, հարցուպատասխանի հնարավորություն, 
  • ծանոթանալու առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվող հարմարվողականության հիմնական միջոցառումներին և դրանց կարևորությանը ՀՀ-ում հանրային նշանակության տարբեր ոլորտների վրա,
  • ստանալու ոլորտային փորձագետների, կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների կոնտակտային տվյալների ցանկ,
  • ստանալու ծրագրի ընթացքում իրականացվող միջոցառումների/գործողությունների լուսաբանելու առավելություն,
  • ստանալու թեմատիկ մեդիաբովանդակության ստեղծման համար անհրաժեշտ խարհրդատվական և տեխնիկական աջակցություն։

Սեմինար-քննարկումների ձևաչափը
Տեղեկատվական, ճանաչողական  միջոցառումը բաղկացած է լինելու երեք հիմնական մասերից․

  • Թեմատիկ բացատրական տեսանյութերի, տեղեկատվական տեքստերի և վիզուալ նյութերի տրամադրում
    Նախաձեռնության մասնակիցներին կտրամադրվեն Ծրագրի շրջանակում քննարկվող թեմաների վերաբերյալ մշակված հանրամատչելի և մասնագիտական տեղեկատվական փաթեթներ։ Թեմատիկ նյութերի տրամադրման այս տարբերակը հնարավորություն կտա խիստ չնորմավորված գրաֆիկով աշխատող լրագրողներին հեշտությամբ, իրենց հարմար ժամին և եղանակով ստանալ ծրագրի տրամադրած գիտելիքները։
  • Առցանց հանդիպումներ ոլորտը համակարգող պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների հետ 
    Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է երկու  ինտերակտիվ առցանց հանդիպում (յուրաքանչյուրը՝ առավելագույնը 2 ժամ տևողությամբ): Առցանց հանդիպում-քննարկումները մասնակիցներին հնարավորություն կտան  թեմայի շուրջ հետաքրքրող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին, նաև Ծրագրի և ոլորտը համակարգող պետական մարմինների ներկայացուցիչներին: 
  • Թեմատիկ մեդիաբովանդակության ստեղծում
    Նախաձեռնության շրջանակում խրախուսվում է թեմատիկ մեդիա բովանդակության ստեղծումը։ Ծրագրի ներկայացուցիչներն ու ներգրավված փորձագիտական խմբի անդամները պատրաստ են աջակցել լրագրողներին՝ ստացած գիտելիքն իրենց առօրյա աշխատանքում կիրառելու գործում։ Թեմատիկ բոլոր նյութերը, անկախ դրանց հրապարակման առաջնային աղբյուրից, կտեղադրվեն  Ծրագրի առցանց հարթակներում: 

Քննարկվող կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի թիրախային ոլորտները

  • Գյուղատնտեսություն
  • Ջրային ռեսուրսներ
  • Էներգետիկա    
  • Բնակավայրեր
  • Առողջապահություն    
  • ուրիզմ 

Ո՞վ կարող է մասնակցել
Սեմինար-քննարկումներին կարող են մասնակցել 

  • բնապահպանության և կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի թիրախային ոլորտները լուսաբանող լրագրողներ,
  • ուսանող լրագրողներ,
  • մեդիաբովանդակություն ստեղծող մասնագետներ, կազմակերպությունների և/կամ երիտասարդական նախաձեռնությունների ներկայացուցիչներ։

Ինչպե՞ս դիմել
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել սեմինարի էլեկտրոնային հայտադիմումը մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն։ Հանդիպումների տեխնիկական մանրամասներն ու օրակարգը մասնակցությունը հաստատած մասնակիցներին կտրամադրվեն լրացուցիչ նամակով։
Մանրամասների կամ հարցերի համար կարող եք զանգահարել 094700974 հեռախոսահամարով։

Ծրագրի մասին
Գիտակցելով, որ ԿՓ նկատմամբ Հայաստանի խոցելիության նվազեցումը պահանջում է ավելի մեծ ներդրումներ, ինչպես նաև ԿՓ հարմարվողականության ու աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ակտիվ  իրականացում՝ 2016-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց  Հարմարվողականության ազգային ծրագրի (ՀԱԾ) մշակման գործընթացը՝  տեղական շահառուների հետ խորհրդակցությունների և առկա իրավիճակի գնահատման գործողությունների միջոցով: ՀԱԾ գործընթացը դիտարկվում է 2015-ին Փարիզյան համաձայնագրով ՀՀ կառավարության կողմից ստանձնած Ազգային մակարդակով սահմանված գործողություններով/ներդրումներով  նախատեսվող հարմարվողականության նպատակներին հասնելու առանցքային գործոն: 
«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ծրագիրը համակարգված շարունակական գործողությունների միջոցով կոչված է նպաստել կայուն զարգացման հիմնարար կարողությունների ամրապնդմանն ու թիրախային խոցելի ոլորտներում ԿՓ հարմարվողականության միջոցների ներդրմանը: Ծրագիրը կօժանդակի նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ֆինանսավորման հնարավորությունների բացահայտմանն ու ներգրավմանը:
Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք կարդալ այստեղ։ 

 

<
>