Փայտին փոխարինում է արևը. ինչպես խնայել՝ պահպանելով բնությունը

15-04-2020

Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի հերթական հաջողված դրամաշնորհային նախագիծը։
Դրամաշնորհի շրջանակներում «Կանաչ էկո - շրջան» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է  «Շիկահող» պետական արգելոցի հարակից Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը։ 
Գյուղի 56 տնային տնտեսություններին տրամադրվել են 150 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչներ և իրականացվել համակարգերի՝ տանիքներին ամրացման ու տեղադրման աշխատանքները։ 56 տնային տնտեսությունները ստացել են յուրաքանչյուրը 5-ական լեդ լամպեր։ Գյուղի բնակիչների՝ հատկապես ծերերի համար, անց են կացվել իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվել են համակարգից օգտվելու կանոնները։ Ջրատաքացուցիչների օգտագործման համար տրամադրվել է 5 տարվա տեխնիկական և 1 տարվա սպասարկման երաշխիք։
Ծրագրի արդյունավետությունը ոչ միայն տնային տնտեսությունների կողմից օգտագործվող վառելափայտի և էլեկտրաէներգիայի ծավալի նվազեցումն էր արևային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով, այլ նաև գյուղի բնակիչների մոտ բնության կայուն օգտագործման և էներգախնայող վարքագծի ձևավորումը, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի վրա մարդու կողմից բացասական ազդեցության նվազեցմանը։
Հարկ է փաստել, որ Շիկահող գյուղը գազիֆիկացված չէ, ինչը նշանակում է, որ գյուղում կենցաղային կարիքների նպատակով ջուր տաքացնելու համար մեծամասամբ օգտագործվում էր փայտ կամ էլեկտրաէներգիա:

<
>