Ուսուցողական աշխատաժողով տեսչական մարմինների համար

11-11-2019

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ներ) կառավարման և վերահսկման վերաբերյալ երկօրյա ուսուցողական աշխատաժողով` նախատեսված առողջապահական, բնապահպանական և էներգետիկայի ոլորտի տեսչական մարմինների համար։
Միջոցառմանը մասնակցել են Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների տարածքային ստորաբաժանումների  ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի ղեկավար Ադեգբոյեգա Աջանին և միջազգային փորձագետ, Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի  Մազարիկի համալսարանի պրոֆեսոր Իվան Հոլոբեկը։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ կարևորելով ՊՔԲ-ների էկոլոգիապես անվտանգ կառավարման հարցերը։
 Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը ՊՔԲ-ների մասով և զեկույցներ «ՊՔԲ-ների գործնական տեսակետները՝ նմուշառում, արտակարգ իրավիճակներ, վթարներ, գույքագրման հաշվետվություն» և «Էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգը և ՊՔԲ-ների հեռացումը, աղտոտված տարածքների վերականգնումը» թեմաներով։

<
>