Ուսուցողական աշխատաժողով պոլիքլորացված բիֆենիլներ տնօրինող կազմակերպությունների համար

21-10-2019

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներքո կայացել է ուսուցողական աշխատաժողով ՊՔԲ-ներ (պոլիքլորացված բիֆենիլներ) տնօրինող կազմակերպությունների համար՝ այդ նյութերը պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառման, նմուշառման և մակնշման վերաբերյալ։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ կարևորել է ՊՔԲ պարունակող յուղերի հեռացման խնդիրը, ինչը «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից մեկն է։
Դասընթացն անցկացրել է Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մազարիկի համալսարանի Շրջակա միջավայրի տոքսիկ նյութերի ուսումնասիրման գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Իվան Հոլոբեկը։
Ուսուցողական աշխատաժողովին մասնակցել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տարբեր մասնաճյուղերի, «Հրազդան ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների համապատասխան մասնագետները։

<
>