Մոտ 720 մլն դրամ՝ Արթիկի տարածաշրջանի բնակչությանը քարհանքերի փոշուց ու հեղեղներից պաշտպանելու համար

24-07-2019

Միջազգային բնապահպանական հիմնադրամից  ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության  առողջությունը։  Աչքի առաջ ունենալով Արթիկի 2016թ․ մեծ ջրհեղեղի հետևանքները՝ ծրագրի շրջանակներում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարների լանջերը և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։   Այդ նպատակով քաղաքը շրջապատող և չշահագործվող հանքերի 40 հա տարածքը կծառապատվի, կստեղծվի ժամանակակից  հանգստի գոտի, ինչը համայնքը չունի։ Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության համար նախատեսվում է նաև վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ։ 
    Այն առաջին ծրագիրն է տարածաշրջանում, որը ֆինանսավորում է Հարմարվողականության հիմնադրամը, որի արդյունավետությունը և աշխատանքների թափանցիկությունը կապահովի համայնքների ներկայացուցիչներով  համալրված միջգերատեսչական խորհուրդը։ Արթիկի քաղաքապետարանում կազմակերպված միջոցառման ժամանակ նաև ստորագրվել է փաստաթուղթ՝ Արթիկ, Հառիճ, Նահապետավան, Վարդաքար համայնքների և Շրջակա միջավարի նախարարության միջև, ինչը կապահովի ծրագրի ավարտից հետո կառուցված հանգստի գոտու  ու հեղեղատարների շարունակական շահագործումը և պահպանությունը։

 Ծրագիրն իրականացնում է «Բնապահպանական ծրագրերի իարականացման գրասենյակ» պետական հիմնարկը։

<
>