Բնապահպանության նախարարության պարզաբանումը

27-05-2019

«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ներկայացրած բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել, և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար։

Հարկ ենք համարում նշել, որ անտառային ոլորտում աշխատանքների պատասխանատուն հենց Այսեր Ղազարյանն է եղել, և աշխատանքների չկատարումը կամ թերի կատարումը նախկին փոխնախարաը պատճառաբանել է՝ ոլորտում միայն իրեն հայտնի կոռուպցիոն ռիսկերով, սակայն խուսափել է որևէ առարկայական, անվանական գործողություն իրականացնելուց և հասցեական փաստ չի ներկայացրել իրավապահ մարմիններին։
Այսեր Ղազարյանը ասուլիսի ժամանակ հայտնել էր նաև, որ Բնապահպանության նախարարությունում չեն ցանկացել բարձրաձայնել նախկին տարիներին Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման, պահածոյացված Սիգի, Սևանի իշխան ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես․
• 25․12․2018թ․ N 12900 գրությամբ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման նախկինում արված աշխատանքներում հայտնաբերված հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը քննելու առաջարկով։
• 26․02․2019թ․ N 4085 և 25․03․2019 N 40142 գրություններով նախարարությունը դիմել է Պետական եկամուտների կոմիտեին՝ սիգի պահածոների արտադրության և արտահանման հանգամանքները պարզելու առաջարկով։
• 20․05․2019թ N 40414 գրությամբ նախարարությունը դիմել է Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ՝ Սևանա լճի էկոհամակարգերի վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների թվում ներկայացնելով նաև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գործունեությունը։

Այսեր Ղազարյանի կողմից վկայակոչված անտառապատվածության պարտավորության թիվը (265 հազ հա) և այն հանգամանքը, որ ՀՀ-ն ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո արդեն իսկ ստանձնել է որոշակի պարտավորություններ և, որ նախարարությունն այդ թիվը փոխելու համար ոչ մի քայլ չի իրականացրել, ևս չի համապատասխանում իրականությանը։

Նախ նշենք, որ տվյալ թիվը ամրագրված է 2015թ. սեպտեմբերի 10-ի N 41-5 արձանագրային որոշմամբ (4 տարի առաջ) ընդունված INDC փաստաթղթում։ Խնդրահարույց համարելով փաստաթուղթը, ինչպես նաև դրանում ներառված ցուցանիշները (այդ թվում՝ նախկին փոխնախարարի կողմից վկայակոչված թիվը), նախարարությունը նախաձեռնել է փաստաթղթի լրամշակում, իսկ վերջնական տարբերակի ներկայացման համար սահմանված ժամկետը «2018» թվականից փոխարինվել է «2020» թվականով (վերջնական տարբերակի ներկայացումից հետո միայն ՀՀ-ն կստանձնի կոնվենցիայի ներքո իր պարտավորությունները)։ Ի դեպ, թվի արդիականացման հանձնարարությունը նույնպես տրված էր Այսեր Ղազարյանին, սակայն այս դեպքում ևս նա չի կատարել իր պարտականությունները:

Ի հավելումն նշենք, որ բնապահպանության նախարարությունը ջրօգտագործման, հանքարդյունաբերության, կենսապաշարների օգտագործման և այլ բնույթի խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ տասնյակ այլ գրություններ է ուղարկել և ուղարկում իրավապահ և պատկան մարմիններին, օրենսդրական բացերի դեպքում նախաձեռնում է անհրաժեշտ փոփոխությունները։
 

<
>