Բնապահպանության նախարարությունը խորացնում է համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ

17-05-2019

Նախարար Էրիկ Գրիգորյանի  գլխավորած պատվիրակությունը  հանդիպել  է  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ: 
Բնապահպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին շրջանում ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ համագործակցությանը զուգահեռ ընդլայնվել է փոխգործակցությունը նաև ՄԱԿ-ի մյուս կառույցների՝ Շրջակա միջավայրի կազմակերպության (UNEP), ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ և կարևորել Շոմբի Շարպի ղեկավարած հայաստանյան գրասենյակի դերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման առումով։ Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ լայնածավալ համագործակցության ծրագրեր են մեկնարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հայաստանում կենսոլորտային պահպանավայրի, գեոպարկի հիմնման և Հայաստանի Ջրային ոլորտի համապարփակ ռազմավարության մշակման նախաձեռնություններում՝ հատկանշելով, որ վերոհիշյալ կառույցը միակն է, որը երկար տարիներ միջկառավարական մակարդակով զբաղվում է ջրերի խնդիրների կարգավորման հարցերով։
 Բնապահպանության նախարարը ներկայացրել է նաև բնապահպանության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը և հիմնական ուղղություններով առկա արդյունքները։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը կարևորել է կայուն զարգացման հիմնական բաղադրիչի՝ բնապահպանության ուղղությամբ աշխատանքների ընդլայնումն է և շեշտել, որ ներկայացուցչության մանդատի ներքո պատրաստակամ են աջակցել ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։ 

<
>