Մեկնարկել է «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի պահպանության» ծրագիրը

01-01-1970

Ս/թ ապրիլի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մեկնարկած «ԵՄ շրջակա միջավայրի համար» աշխատաժողովը,  որի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի՝ (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) պահպանելու  իրենց բնական կապիտալը և ամրապնդել մարդու շրջակա միջավայրի բարեկեցությունը՝ բնապահպանական միջոցառումների աջակցության, «կանաչ աճի» հնարավորությունների ստեղծման և կառավարման մեխանիզմների սահմանման միջոցով։ 
Աշխատաժողովին մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական Միության և գործողության իրականացման գործընկերները՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի զարգացման կազմակերպության (UNEP), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել «ԵՄ շրջակա միջավայրի համար» գործողության հիմնական նպատակներն ու բաղադրիչները, վերհանել ազգային գերակայությունները,  քննարկել Հայաստանի առաջնահերթությունները և մինչև 2022թ. դրանց իրականացման հետագա քայլերը:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին, հայտնելով, որ ծրագրի 3 տարվա համար նախատեսված 20մլն եվրոն էական դեր կարող է ունենալ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի ներքո իրականացվող գործողությունների համար։ 
«Մենք պետք է կատարենք որոշակի գործողություններ, որոնք կհամապատասխանեն ԵՄ դիրեկտիվների կետերին։ Ծրագրի շրջանակը համահունչ է կառավարության առաջնայնություններին և ծրագրերին, քանի որ ծրագրի շրջանակներում նախանշված գործողությունները ներառված են նաև կառավարության 5-ամյա զարգացման ծրագրում։
Բնապահպանական գործընթացի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու նաև «կանաչ էկոնոմիկայի» ներդրման աշխատանքներին։
Հույս ունեմ, որ գործընկեր կազմակերպություններն առավելագույնս կըներդնեն իրենց ջանքերը, գիտելիքներն ու ունակությունները, որպեսզի ծրագրի ավարտին ունենանք չափելի և առարկայական արդյունքներ՝ ուղղված Հայաստանի բնապահպանության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև երկրի սոցիալական ու տնտեսական առաջընթացին»,- իր խոսքում նշել է բնապահպանության նախարարը։  
 

<
>