ԱԺ-ն վավերացրել է Կիգալիի փոփոխությունը

28-03-2019

Աժ-ն վավերացրել է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը, որը ներկայացրել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը: 
Կիգալիի փոփոխությունը Մոնրեալի արձանագրության 5-րդ փոփոխությունն է, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից: Այս փոփոխությամբ՝ Արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ), որոնք, հանդիսանալով հզոր և երկարակյաց ջերմոցային գազեր, հայտնվելով մթնոլորտում՝ նպաստում են կլիմայի փոփոխությանը: 
ՀՖԱ-ների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումներ, ինչը կօգնի մինչև 2100 թվականն ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ բարձացումը նվազեցնել մինչև 0.4 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը: 
Արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրականացմամբ Հայաստանը  կունենա իր հերթական ներդրումն օզոնային շերտի և կլիմայի պահպանության հարցերում: 
Կիգալի փոփոխությունը վավերացրած երկրների շարքում Հայաստանը դարձավ  70-րդը:
 

<
>