Քննարկվել է պոլիէթիլենային տոպրակների գործածությունն արգելող օրենքների նախագծերի փաթեթը

06-03-2019

Բնապահպանության նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում՝ գերատեսչության մշակած պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել հատուկ հարկ։ Այս միջոցառումները կհանգեցնեն տոպրակների օգտագործման նվազեցմանը, և 2023 թվականին նախատեսվում է արգելել Հայաստանում նրանց վաճառքը։
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը նշել է, որ պոլիէթիլենային տոպրակները շրջակա միջավայրի աղտոտման հիմնական տարրերից է և խնդիրն առաջնային լուծում է պահանջում։ Հանրային քննարկման մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքների նախագծերի մշակմանը նախորդել են տևական ուսումնասիրությունները, միջազգային փորձի դիտարկումները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ նախարարությունում կազմակերպված քննարկումները։
Պոլիէթիլենային տոպրակներ արտադրող և ներկրող ընկերության ներկայացուցիչները առաջարկել են արգելքը իրականացնել փուլերով և նախատեսվածից երկար ժամանակ սահմանել դրա համար, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը վերապրոֆիլավորել։ Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների անդամները ներկայացրել են երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքները պոլիէթիլենային տոպրակների ներկա և աճող վտանգների վերաբերյալ և դրա դեմ պայքարի իրենց փորձը։
Մոտ երկու ժամ տևած քննարկման ժամանակ կարևորվել է խնդրի լուծումը և դրա ժամկետների արագացմանը նպաստող ուղիների մշակումը։ Մտքերի փոխանակման արդյունքում որոշվել է առաջարկությունները գրավոր ներկայացնել  նախարարություն, կամ e-draft.am կայքում հրապարակված օրենքների նախագծերի՝ առաջարկներ բաժնում (հղում` https://www.e-draft.am/projects/1524)։ Տնտեսվարող սուբյեկտներն առաջարկել են անհրաժեշտության դեպքում կազմակերպել ևս մեկ հանրային քննարկում օրինագծերի շուրջ։

<
>