Քննարկվել է կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

21-12-2018

Դեկտեմբերի 19-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից կազմակերպված սեմինար-խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են Կանաչ կլիմայական հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր: 
Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Մերուժան Գալստյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ն. Երիցյանը, ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներ, առևտրային բանկերի ղեկավարներ և փորձագետներ: 
Ողջունելով մասնակիցներին՝ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանգամանալից ներկայացրել է կլիմայական ֆինանսավորման նոր բացվող հնարավորությունները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերները, Հայաստանի որդեգրած ռազմավարությունը և Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ փոխգործակցության հարցերը։
Միջոցառման նպատակն էր բացահայտել կանաչ կլիմայի հիմնադրամին հավատարմագրման ցանկություն ունեցող հայկական կազմակերպություններ, ինչպես նաև հնարավոր ներդրումային ծրագրերի նախագծման գործում պոտենցիալ շահագրգիռ կազմակերպություններ։
Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ: Վերջում մասնակիցներին տրամադրվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ ԲԾԻԳ-ի կողմից հրատարակված համառոտ ձեռնարկը:
 

<
>