Բացվել է լիովին հիմնանորոգված  թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

19-12-2018

Դեկտեմբերի 18–ին Երևանում տեղի  է ունեցել լիովին հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման մասնակցել են Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
Մոտ 400 մլն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի միջոցներով (ներդրումների 87,5 տոկոս և Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցներով։  
Կենտրոնի՝ սպորտի և արվեստի 34 խմբակներ հաճախող ավելի քան 800 սաներն այժմ արդեն պարապում են վերանորոգված, անվտանգ, ներառական, տաք և լուսավոր սենյակներում ու մարզադահլիճներում։
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը շնորհավորելով կենտրոնի սաներին և ուսուցիչներին հիմնովին վերանորոգված կենտրոնի բացման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի արդյունավետ համագործակցության արդյունքում էներգաարդյունավետության բաղադրիչներով վերանորոգված նմանատիպ հարմարավետ կենտրոններ կբացվեն նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում ու հանրապետության այլ բնակավայրերում և ավելի մեծ թվով երեխաներ հնարավորություն կունենան սովորել նման լավ պայմաններում։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթում նշել է, որ մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և գեղարվեստական ճաշակ ձևավորելու համար  քաղաքապետարանը հետագայում ևս ստեղծելու է նման հնարավորությունները։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը իր ելույթում նկատել է, որ իրականացված ծրագիրը Երևանի քաղաքապետարանի, Բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի արդյունավետ համագործակցության արդյունք է։
 

<
>